Արհեստավարժ հանրային իրազեկումը կարող է կյանքեր փրկել. ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Բելառուսի ԱԻ նախարարության պատվիրակությանը

Armenpress 20:23, 16 Ապրիլ, 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 16ին ընդունեց Բելառուսի Հանրապետության ԱԻ նախարարության Անվտանգության և հասարակության հետ հաղորդաքկցության կենտրոնի ղեկավար Ելենա Դմիտրուկին, Բելառուսի ԱԻ նախարարության Կենսագործունեության անվտանգության կենտրոնի Մոգիլյովի շրջանի ստորաբաժանման փարձագետ Ինեսա Ելֆիմովային և «Служба спасения», «Юный спасатель» միացյալ խմբագրությունների ղեկավար Ելենա Պոլեշենկովային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակներում հանրային իրազեկման բնագավառում իրականացվող տեղեկատվական քաղաքականության և հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ կիրառվող մեխանիզմների վերաբերյալ փորձի փոխանակումը և համագործակցության ուղիների մշակումը:

Իր խոսքում կարևորելով արտակարգ իրավիճակներում վարքականոնների վերաբերյալ ուսումնական բովանդակությամբ տեղեկատվության տարածումը՝ հասարակության տարբեր լսարանների ճիշտ թիրախավորմամբ՝ նախարար Տոնոյանը առաջարկեց հանրային իրազեկման համատեղ ծրագրեր մշակել՝ տեղայնացնելով բելառուս գործընկերների կողմից ներկայացված լավագույն փորձը: «Հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը նպաստում է աղետների ռիսկի նվազեցմանը և կարող է մարդկային կյանքեր փրկել»,-ասաց ԱԻ նախարարը:

Կողմերը քննարկեցին նաև ուսուցողական տեղեկատվության առավել արդյունավետ տարածման մեխանիզմները՝ նշելով, որ յուրաքանչյուր թիրախային լսարանի համար հարկավոր է մշակել տեղեկատվության մատուցման ուրույն ձև:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցել հանրային իրազեկման ոլորտում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի մշակման գործընթացում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am