1000х90.jpg (78 KB)

Կիրո Մանոյանը Հայաստանի համար մտահոգիչ է համարում ռուս-թուրքական մերձեցումը

Armenpress 18:32, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Սիրիայի հետ կապված վերջին օրերի գլխավոր իրադարձությունը համարում է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից ռմբակոծումը և դրա նկատմամբ Ռուսաստանի կեցվածքը:  Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցուցաբերեց ինքնազսպվածություն եւ չընկավ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի թակարդը, ինչը, ըստ նրա, ավելի բարդ և ծանր հետեւանքներ կարող էր ունենալ:

 «Ռուսաստանի այդ զսպվածությունը, հավանաբար, ինչ-որ իմաստով ամերիկացիների մտադրությունը հասկանալու արդյունքն էր, այլապես անբացատրելի էր այն, թե ինչու նման կեցվածք ընդունեց: Մեզ համար կարեւոր է նախեւառաջ այս ամենից քաղել դասեր՝ մի քանի առումներով. այն, որ ԱՄՆ-ն լքեց քրդերին և թույլ տվեց, որ Թուրքիան ներխուժի Սիրիա, և, ինչպես արդեն նշեցի, Ռուսաստանի պահվածքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կիրո Մանոյանը՝ նկատելով, որ միանշանակ, կա մտահոգություն, որ այս ամենը կարող է ավելի սրվել, և այս իմաստով, եթե  շուրջը հրդեհ է, հնարավոր չէ անտարբեր մնալ:

Նրա դիտարկմամբ՝ եթե տարածաշրջանում ավելի երկարատև պատերազմներ լինեն, բնականաբար, դա կազդի նաև Հայաստանի վրա:

 «Չեմ կարծում՝ սա կարող է ուղղակի հետևանքներ ունենալ մեր անմիջական խնդիրների վրա, այսինքն՝ Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան հարաբերությունների վրա: Մյուս կողմից` չի բացառվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է օգտվել իրավիճակից և փորձել ինչ-որ քայլեր ձեռնարկել»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ սա առաջին հերթին վատ կլինի  հենց Ադրբեջանի համար, եւ  այնուամենայնիվ հորդորելով ուշադիր հետեւել զարգացումներին և պատրաստ լինել հնարավոր տարբերակներին:

Այժմ Կիրո Մանոյանն առավել մտահոգիչ է համարում Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մերձեցումը. նրա դիտարկմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ Թուրքիա կատարած այցի ժամանակ նախնական քայլեր արեց, որպեսզի այդ հարաբերությունները ժամանակի ընթացքում վերածվեն ռազմավարական գործընկերության:

«Պետք է հետեւել, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սերտացումը չվերածվի ռազմավարականի: Երբ ռուս-թուրքական ռազմավարական շահերը համընկել են, գլխավոր վճարողներից մեկը եղել ենք մենք՝ հայերս»,- եզրափակեց Կիրո Մանոյանը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am