Բաղրամյան պողոտայից 18 մարդ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Armenpress 17:45, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բաղրամյան պողոտայում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, հավաքի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով 18 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացրին, որ նրանց բոլորի վիճակը կայուն է: «Հիվանդները հետազոտման փուլում են: Նրանք, ամենայն հավանականությամբ, վիրահատության չեն ենթարկվի: Հետազոտվելուց հետո դուրս կգրվեն»,-տեղեկացրին բաժանմունքից:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է գտնվում նաև  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը, ով ոտքի բեկորային վնասվածքներ է ստացել:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ բուժկենտրոնում է գտնվում նաև երկու ոստիկան:

Բաղրամյան պողոտայում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, հավաքի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով վիրավորվել էր նաև Փաշինյանը, ում ոստիկանական մեքենայով տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն: Ներկայումս Փաշինյանը դուրս է գրվել հիվանդանոցից:

Նույն բուժկենտրոն բեկորային վնասվածքներով նաև երեք ոստիկան է տեղափոխվել, նրանցից մեկի վիճակը ծանր է:

Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցներն ավելի վաղ սրել էին իրավիճակը Բաղրամյան պողոտայում: Փաշինյանը բոլորին Ֆրանսիայի հրապարակից տեղափոխեց Բաղրամյան պողոտա՝ նշելով, որ ցանկանում է գնալ աշխատավայր՝ Ազգային ժողով: Նա «Ելք» խմբակցության մի քանի պատգամավորների հետ մտադիր էր անցնել ոստիկանական շղթայի միջով, և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, բանակցելով նրա հետ, համաձայնեց նրան և պատգամավորներին թույլ տալ անցնել պատնեշն ու գնալ դեպի խորհրդարան: Փաշինյանը, սակայն, սկսեց հայտարարել, որ մենակ չի գնալու, այլ իր հետ եկածները ևս պետք է անցնեն ոստիկանական ուժերի միջով: Հանդարտության պահպանելու, հակաօրինական քայլեր չանելու Օսիպյանի հորդորին ի պատասխան Փաշինյանը բարձրացավ երկաթե արգելապատնեշի վրա, որից հետո արդեն իրավիճակը դարձավ անկառավարելի: Նրա կողմնակիցները երկաթե արգելապատնեշները բարձրացրին գետնից ու դրանք սկսեցին ուղղել ոստիկանների կողմ: Սկսվեց հրմշտոց: Փաշինյանի կողմնակիցները բարձրացան անգամ այնտեղ կայանված մի մեքենայի վրա: Իրավիճակի Բաղրամյան պողոտայում խիստ լարվեց: Ոստիկանությունն այնտեղ մետաղական փշալար անցկացրեց, կիրառեց ծուխ արձակող հատուկ միջոց:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am