Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները ռազմահայրենասիրական տոն են անցկացրել

Armenpress 16:47, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները Գյումրիի զինվորական կայազորի «Մեծ ամրոց» զինվորական ավանի տարածքում մասնակցել են «Գարնան, երիտասարդության, առողջության եւ սպորտի» ռազմահայրենասիրական ընտանեկան տոնին: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հյուրերի համար ցուցադրել են ձեռնամարտի ու դանակամարտի հնարքներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերի ուսումնավարժական աշխատանքը: Զորամիավորման «Մարտական փառքի» հուշահամալիրում տոնի մասնակիցներն ու հյուրերը դիտեցին զինվորի հանդերձանքի ժամանակակից լրակազմեր, ռազմակայանի զինանոցում առկա զենքի ու ռազմական տեխնիկայի նմուշներ:

Հյուրերին ցուցադրվել են Տ-72Բ տանկեր, ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ, հետեւակի մարտական մեքենաներ, «Ինֆաունա», ՌԽՄ-6 հատուկ մեքենաներ, անօդաչու թռչող սարքերով հետախուզման համալիրներ, համազարկային կրակի «Գրադ» եւ «Սմերչ» ռեակտիվ համակարգեր, Ս-300Վ եւ Բուկ-Մ1-2 զենիթահրթիռային համակարգեր: Տոնական միջոցառման մասնակիցները զորամիավորման մարզահամալիրում մասնակցել են ընտանեկան տարբեր մրցույթների: Ռուսական զորամիավորման տարածքում «Գարնան» ընտանեկան տոնին ավելի քան հազար մարդ Է մասնակցել զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ երկու երկրների դիվանագիտական կորպուսից եւ ուժային կառույցներից հրավիրված հյուրերի թվից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am