Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները սրեցին իրավիճակը Բաղրամյան պողոտայում

Armenpress 15:32, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները սրեցին իրավիճակը Բաղրամյան պողոտայում: Փաշինյանը բոլորին Ֆրանսիայի հրապարակից տեղափոխեց Բաղրամյան պողոտա՝ նշելով, որ ցանկանում է գնալ աշխատավայր՝ Ազգային ժողով: Նա «Ելք» խմբակցության մի քանի պատգամավորների հետ մտադիր էր անցնել ոստիկանական շղթայի միջով, և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, բանակցելով նրա հետ, համաձայնեց նրան և պատգամավորներին թույլ տալ անցնել պատնեշն ու գնալ դեպի խորհրդարան: Փաշինյանը, սակայն, սկսեց հայտարարել, որ մենակ չի գնալու, այլ իր հետ եկածները ևս պետք է անցնեն ոստիկանական ուժերի միջով:

Հանդարտության պահպանելու, հակաօրինական քայլեր չանելու Օսիպյանի հորդորին ի պատասխան Փաշինյանը բարձրացավ երկաթե արգելապատնեշի վրա, որից հետո արդեն իրավիճակը դարձավ անկառավարելի: Նրա կողմնակիցները երկաթե արգելապատնեշները բարձրացրին գետնից ու դրանք սկսեցին ուղղել ոստիկանների կողմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սկսվեց հրմշտոց: Փաշինյանի կողմնակիցները բարձրացան անգամ այնտեղ կայանված մի մեքենայի վրա: Իրավիճակի Բաղրամյան պողոտայում խիստ լարվեց: Ոստիկանությունն այնտեղ մետաղական փշալար անցկացրեց:

Ապրիլի 13-ից Փաշինյանն ու կողմնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակը: Իսկ Ապրիլի 16-ի վաղ առավոտից դադարեցված է երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում ևս: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում: Փողոցներում ցուցարարները տեղադրել են նստարաններ, աղբամաններ՝ դրանք հանելով իրենց համար նախատեսված տեղերից:

Ոստիկանությունը հայտարարել է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ։ ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբակային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am