Արմեն Սարգսյանն ընդունել է Արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր Օլիվիե Կադիքին

Armenpress 15:01, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 16-ին ընդունել է Արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր Օլիվիե Կադիքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ նշել է, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Հայաստան արդեն բարի ավանդույթ են դարձել, ինչը մեր երկրների միջև առանձնաշնորհյալ հարա­բե­րությունների լավագույն դրսևորումներից է:

Զրուցակիցները կարևորել են աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ  Ֆրանկոֆոնիան Հայաստանի համար միայն լեզվական կամ մշակութային ընդհանրությունների շուրջ ձևավորված կառույց չէ, այլ ավելի լայն ընդգրկման միավորում՝ նկատի ունենալով գագաթաժողովի շրջանակներում կայանալիք  ֆրանկոֆոն երկրների գործարարների ֆորումը և ֆրանկոֆոն գործարար ցանցի ստեղծումը:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ջանքերը  Արցախի հիմնախնդրի խաղաղ հան­գու­ցալուծման և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդման ու համագործակցության զարգացման ուղղությամբ:

Սենատոր Կադիքը ներկայացրել է արտերկրում բնակվող ֆրանսիացիներին   Սենատում ներկայացնելու համակարգը, արտերկրում ֆրանսիական կազմակերպությունների փոխգործակցության մեխանիզմները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am