Լևոն Մկրտչյանը մագիստրոսական և ասպիրանտական կրթության որոշ մասը օտար լեզվով ապահովելու անհրաժեշտություն է տեսնում

Armenpress 15:00, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք տարվա ընթացքում մագիստրոսական կրթության 30 և ասպիրանտական կրթության 50 տոկոսը պետք է կազմակերպվի օտար լեզուներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ապրիլի 16-ին  «Կրթություն և մասնագետ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով երկօրյա ֆորումում նման տեսակետ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը:

«Երեք տարվա ընթացքում մագիստրոսական կրթության 30 տոկոսը և ասպիրանտական կրթության 50 տոկոսը պետք է կազմակերպվի օտար լեզուներով: Մենք այդ ժամանակում պետք է վերաձևակերպենք, թե ինչ է նշանակում մագիստրոսական կրթությունը, գիտությունը: Անհրաժեշտ է համալսարաններին օգնել այս հարցում: Ճիշտ ձևակերպման դեպքում գործընկերներից՝ Համաշխարհային բանկից և Եվրամիությունից շատ լուրջ օգնություն կարող ենք ստանալ»,-ասաց Մկրտչյանը:

Նրա կարծիքով՝ այս տիպի կոնֆերանսները շատ կարևոր են կրթության կարիքներն ու պահանջները ճիշտ ձևակերպելու առումով: Անհրաժեշտ է մասնագետների արմատական վերապատրաստում, նաև օտար լեզուներով մասնագիտական վերաորակավորում:

Նախարարը գործնական խնդրանքով դիմեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին՝ ճիշտ ձևակերպել պահանջները, որ նախարարությունը կարողանա դրանք իրագործել: Ներկա միջազգային փորձագետներին Լևոն Մկրտչյանն առաջարկեց հայաստանցի մասնագետների հետ փորձի փոխանակում իրականացնել:

Ապրիլի 16-17-ն անցկացվող ֆորումը կազմակերպել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը: Մասնակցում են արտերկրից ժամանակ հյուրեր, ովքեր ներկայացնում են քննարկվող հարցերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am