1000х90.jpg (78 KB)

Դպրոցում ֆինանսական գրագիտությունը բարձրացնող ծրագրի փորձնական փուլը կայացել է. սեպտեմբերից ևս 350 դպրոց կմիանա ծրագրին  

Armenpress 14:29, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալիք ուսումնական տարվանից Հայաստանի շուրջ 350 դպրոցներում կներդրվի աշակերտների ֆինանսական գրագիտությունը բարձրացնող կրթական ծրագիր: Ներկայում 13 դպրոցում արդեն իսկ իրականացվում է ֆինանսական կրթության փորձնական փուլը, որի վերջնական արդյունքների ամփոփումը կիրականացնեն շուտով:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրեց ԿԳՆ հանրակրթության վարչության  նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը: Պաշտոնյայի խոսքով` փորձնական փուլին մասնակից ուսուցիչների և տնօրենների հետ բաց և ազատ քննարկումներն ու արձանագրված արդյունքները հաշվի առնելով, կարող են ասել, որ փորձնական փուլը կայացել է: «2015 թվականից աշխատում ենք Կենտրոնական բանկի հետ ֆինանսական կրթությունը դպրոցներում ներդնելու ուղղությամբ: Մշակվել է գործողությունների պլանը, ընտրվել են առարկաներ, որոշվել է գնալ ինտեգրման ճանապարհով, քանի որ շատ հագեցած ուսումնական պլան ունենք, նոր ծանրաբեռնվածություն ավելացնելու ցանկություն ու հնարավորություն չունենք: Տարրական դպրոցում «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա» առարկաներն են ընտրվել, հիմնական դպրոցում` «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», ավագ դպրոցում` «Հասարակագիտություն» և «Հանրահաշիվ» առարկաները»,-ասաց ԿԳՆ պաշտոնյան: Սյուզաննա Մակյանը տեղեկացրեց նաև, որ այդ նպատակով վերապատրաստվել են դպրոցների ուսուցիչները, մշակվել են ձեռնարկներ և ուսումնաօժանդակ գրականություն: «Նախատեսում ենք հանրապետության շուրջ 350 դպրոցներում սեպտեմբերից ներդնել այս ծրագիրը: Դա նշանակում է, որ 350 դպրոցի այն առարկաների, որոնք ես արդեն նշեցի,  ուսուցիչները վերապատրաստվելու են, բոլոր դպրոցները ապահովվելու են ուսումնաօժանդակ գրականությամբ»:

Ֆինանասական կրթությունն իրականանում է 7 թեմաների շուրջ, որոնք ընդհանուր են 2-11-րդ դասարանցիների համար`պարզից բարդ սկզբունքով: Աշակերտները գիտելիքներ են ձեռք բերում ընդհանուր տնտեսագիտության, անձնական բյուջեի, խնայողությունների կառավարման և պլանավորման, պարտքի կառավարման, ինչպես նաև ֆինանսական մի շարք ծառայությունների վերաբերյալ: Սովորում են սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ֆինանսական զեղծարարությունների և խախտումների դեպքում պաշտպանության հնարավոր մեխանիզմները:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am