«Հայկական արծիվներ» ակումբի անդամները մեծ ձեռքբերում են համարում հաղթանակը «Pro Chess League»-ում  

Armenpress 13:59, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Pro Chess League ակումբային մրցաշարի հաղթողներ Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը մեծ ձեռքբերում են համար «Հայկական արծիվներ» (Armenia Eagles) թիմի հաղթանակը կարևորագույն այդ մրցաշարում:

«Pro Chess League»-ն անցկացվում է երկրորդ անգամ և մենք այս տարի առաջին անգամ ենք դրան մասնակցում: Առաջին խաղում պարտվեցինք, քանի որ հիմնական կազմի շախմատիստները խաղում էին բարձրագույն խմբում: Բայց այնուհետև խաղում էինք հիմնական կազմով: Կարևոր հաղթանակ տոնեցինք նաև խմբային փուլի վերջին խաղում: Այդ տուրում մեր մրցակիցը հնդկական «Մումբայ» թիմն էր, որի կազմում ընդգրկված էր աշխարհի նախկին չեմպիոնի Վիշի Անանդը: Բայց վերջինս տեխնիկական պատճառներով չխաղաց մեզ հետ »,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիմի անդամ Զավեն Անդրիասյանը: Գրոսմայստերը կարևորեց այն, որ Հայաստանը շախմատային գերտերություն լինելով՝ կարողացավ հաղթել ակումբային այս մրցաշարում առաջին անգամ մասնակցելով:

«Հայկական արծիվներ» թիմի մյուս ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանի կարծիքով, մրցաշարում կարևոր խաղերից մեկը չինացիների հետ խաղացած եզրափակիչն էր: «Մենք փորձեցինք հայկական թիմով ներգրավվել նման կարևոր շախմատային մրցաշարի: Բայց ամեն խաղ դժվարությամբ էր տրվում, քանի որ բոլորն էր ուժեղ հակառակորդներ էին: Այս մրցաշարում խաղում էին այնպիսի շախմատիստներ, ինչպիսիք են Ֆաբիանու Կարուանան, Մագնուս Կարլսենը, Վիշի Անանդը»,-շեշտեց շախմատիստը:

«Pro Chess League» ակումբային մրցաշարին մասնակցում էր 32 ակումբ: Հայաստանի թիմի կազմում հանդես եկան Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Կարեն Գրիգորյանը և Արտակ Մանուկյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am