1000х90.jpg (78 KB)

Արմեն Սարգսյանը կարևորել է Եկեղեցու համախմբող դերակատարությունը. նա այցելել է Մայր Աթոռ

Armenpress 13:40, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն ապրիլի 14-ին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքներն է հղել ՀՀ Նախագահին երդմնակալության արարողության առիթով` վստահություն հայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը լավագույնս պիտի ծառայեցվի երկրի առաջընթացին` արդարացնելով ժողովրդի սպասումները թե´ հայրենիքում և թե´ Սփյուռքում: Նորին Սրբությունը հաստատել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի զորավիգ լինել հայրենի իշխանություններին ու ՀՀ Նախագահին հայոց անկախ պետականության զորացման և առկա մարտահրավերների հաղթահարման գործում և կարելին անել ի սեր և ի բարօրություն հայրենիքի ու ժողովրդի: Վեհափառ Հայրապետը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է, որ երկրի և ժողովրդի ապագայի վերաբերյալ նրա տեսլականն ու իղձերն իրականություն դառնան: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին բարեմաղթանքների համար եւ ընդգծել, որ ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնել է` հավատ ունենալով ժողովրդի, հայրենիքի և Հայոց Եկեղեցու հանդեպ: Նա նաև կարևորել է Եկեղեցու համախմբող դերակատարությունը: Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել են նաև զանազան ծրագրերի մասին։ Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Նախագահն այցելել են Մայր Տաճար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am