Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները փակել էին Հաղթանակի կամուրջը. երեխա տեղափոխող մեքենային թույլ չտվեցին անցնել

Armenpress 12:54, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները փակել են Հաղթանակի կամուրջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի Բաղրամյան պողոտա շարժվող ակտիվիստները կտրուկ փոխեցին ուղղությունը դեպի Հաղթանակի կամուրջ` հեռացնելու համար այնտեղ գտնվող ավտոքարշակը, որը տեղում էր երթևեկությունը վերականգնելու նպատակով:

Խցանման մեջ հայտնված ուղևորներին, ովքեր երեխայի հետ էին և խնդրում էին բացել ճանապարհն իրենց մեքենայի համար, Փաշինյանը թույլ չտվեց անցել կամրջով ու շարունակել ճանապարհը:

Նա նաև իր կողմնակիցներին հանձնարարեց թուլացնել ավտոքարշակի անիվները: Երթի մասնակիցները շարունակեցին երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մի խումբ ակտիվիստներ փակել են Մաշտոցի պողոտայից դեպի Հանրապետության Հրապարակ, Սարյան փողոց, Փակ շուկա և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն տանող հատվածը. Ամիրյան-Մաշտոց խաչմերուկին երթևեկություն չկա:

Այս պահին դադարեցված է երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում ևս: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում: Փողոցներում ցուցարարները տեղադրել են նստարաններ, աղբամաններ՝ դրանք հանելով իրենց համար նախատեսված տեղերից:

Ոստիկանությունը հայտարարել է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ։ ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբակային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am