1000х90.jpg (78 KB)

Շիրակի մարզի բոլոր համայնքները միացել են համապետական շաբաթօրյակին

Armenpress 17:59, 14 Ապրիլ, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզը միացել է համապետական շաբաթօրյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակության հետ կապերի բաժնից, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2018 թվականի առաջին համապետական շաբաթօրյակին մասնակցում են Շիրակի մարզի բոլոր համայնքները` շուրջ 18 հազար մասնակից, 256 կոլեկտիվ և 238 աշխատանքային տեղամաս: Շաբաթօրյակին մասնակցում են ինչպես գործող կազմակերպությունները, դպրոցները, նախակրթարանները, մշակութային օջախներն ու հասարակական ոլորտը, այնպես էլ բնակիչներն ու մասնավոր կառույցները: Շիրակի մարզպետարանի աշխատակազմը աշխատանքներ իրականացրեց Գյումրի-Երևան մայրուղու Ազատան տանող ճանապարհամերձ հատվածում. «Այս շաբաթօրյակին աշխատանքներն հատկապես իրականացնելու ենք պատմաճարտարապետական հուշարձանների տարածքներում, ճանապարհամերձ հատվածներում, հանգստյան և զբոսաշրջային գոտիներին մերձակա տարածքներում` հաշվի առնելով առաջիկայում համապետական լայնամասշտաբ միջոցառումները, ինչը ենթադրում է, որ հյուրեր կայցելելն հանրապետություն և մենք խնդիր ունենք մեր երկիրը ներկայացնելու: Այսօր մաքրման աշխատանքներ կիրականացվեն Երերույքի տաճարի, Հառիճավանքի, Մարմաշենի վանական համալիրի տարածքներում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը: Մարզում շաբաթօրյակին կենտրոնացվել է 72 ինքնաթափ, 11 բարձիչ մեխանիզմ, 4 էքսկավատոր: Առանձնակի ուշադրություն է դարձվել նաև աղբավայրերի փակմանը, այս շաբաթօրյակին նախատեսվում է փակել 8 գործող և 2 չգործող աղբավայրեր:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am