Նոր Կարմիրավանում հնագետները դամբարանի օղակ են բացել

Armenpress 16:03, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավանում պեղումների ժամանակ հնագետները բացել են դամբարանի օղակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ հնավայրի ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ` այնտեղից հայտնաբերված մարդակերպ կոթողները իրենց նախնական դիրքո՞ւմ են տեղադրված, թե ոչ: «Այդ մարդակերպ կոթողների ուսումնասիրությունը շատ կարևոր է, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը դրանք համարում է աղվանական զինվորներ: Հետազոտելուց հետո մենք կկարողանանք կողմնորոշվել նաև կոթողների թվագրության հարցում»,-ասաց նա:

Նոր Կարմիրավան գյուղի տարածքում մեկնարկել են 2018 թվականի պեղումները, որոնք գլխավորում է  ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտության խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը:

Կոթողները հայտնաբերվել են 2016 թվականին, ինչից հետո տեղում սկսվել են հետախուզական պեղումներ, պարզելու` արդյո՞ք կոթողները գտնվում են իրենց կանգնեցման նախնական վայրում, թե ոչ: Մարդակերպ կոթողների գիտական հետազոտությունն Արցախի Տիգրանակերտի և շրջակայքի ուսումնասիրության մասն է կազմում: Կոթողների ուսումնասիրությունը կարևոր է ինչպես Արցախի և Ուտիքի, այնպես էլ Կովկասի և ողջ Առաջավոր Ասիայի մ.թ.ա. 1-ին հազարամյակի պատմության և մշակույթի համար: Հետևաբար, դրանց ուսումնասիրությունը և ներկայացումը Արցախի վրա կգրավի այլ մասնագետների և տարածաշրջանով հետաքրքրվող լայն շրջանակների հետաքրքրությունը:

Նոր Կարմիրավանում պեղումները կշարունակվեն մինչև ապրիլի վերջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am