ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հիվանդանոցներին դեղեր ներկրելու հնարավորություն ընձեռող օրինագիծը


ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն  ընդունեց հիվանդանոցներին դեղ ներկրելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 91 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա ընդգծեց, որ «Ծառուկյան» դաշինքն օրենքի նախագծին առաջին ընթերցմամբ կողմ կքվեարկի պայմանով, որ բուժական հաստատություններին դեղերի ներկրման իրավունք վերապահվի բացառապես այն դեղերի մասով, որոնք վերաբերում են քրոնիկ և դիսպանսերային բուժման ծառայություններին:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նա հայտնեց, որ «Ելք» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ ենթադրվում է, որ դեղերի ինքնարժեքը կընկնի:

Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Հակոբ Հակոբյանը, արձագանքելով Միքայել Մելքումյանին, ընդգծեց, որ հիվանդանոցում մատուցվող ծառայությունները բազմաթիվ են, և դրանք երբեք հնարավոր չէ բաժանել: Նրա խոսքով՝ առողջապահության համակարգի գործունեության սկզբունքն է, որ նման տարանջատում չի կարող լինել:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր հերթին պատասխանեց, թե իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ, որ երկրորդ ընթերցմամբ նախագծում փոփոխություն կարվի և կամրագրվի, որ հիվանդանոցներին դեղերի ներկրման իրավունք կվերապահվի բացառապես այն դեղերի մասով, որոնք վերաբերում են քրոնիկ և դիսպանսերային բուժման ծառայություններին: Նա նշեց, որ հակառակ պարագայում իրենք երկրորդ ընթերցմամբ օրենքի նախագծին դեմ կքվեարկեն:

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով մի խումբ պատգամավորներ առաջարկել են դեղեր ներկրելու հնարավորություն տալ այն հիվանդանոցներին, որոնք դեղերը պահելու վայր ունեն: Ենթադրվում է, որ դա կհանգեցնի դեղերի գների նվազման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am