Երաժշտությունը դարձել է աուտիզմով երեխաների հույզերի արտահայտման միջոց

Armenpress 19:22, 11 Ապրիլ, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտության բարերար ազդեցություն ունի աուտիզմ ունեցող երեխաների ու դեռահասների վրա: 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ապրիլի 2-ը հայտարարել է աուտիզմի իրազեկման օր, իսկ ապրիլը՝ աուտիզմի իրազեկման ամիս: Ապրիլի 11-ին Գյումրու Էմիլի Արեգակ կենտրոնում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որտեղ աուտիզմ ունեցող երեխաների հույզերի արտահայտման և ինքնադրսևորման մասին խոսեց կենտրոնի երաժշտաթերապևտ Գոհար Շախուլյանը:

Աուտիզմ ունեցող ավելի քան 25 երեխա այս պահին հաճախում է Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպության Էմիլի Արեգակ կենտրոն: 19 ամյա Հայկ Ոսկանյանը նրանցից մեկն է: Արդեն 9-րդ տարին է այցելում կենտրոն: Քրտնաջան աշխատանքի արդյունքում այսօր Հայկն արհեստավարժորեն տիրապետում է թմբուկին ու քսելոֆոնին:

«Ի սկզբանե երաժշտություն էր սիրում, ու ամեն բան չէ, որ սիրում է լսել, կամ նվագել. հատկապես դասական երաժշտություն է շատ սիրում, երբ այլ ոճեր է լսում, անմիջապես փակում է ականջները, իսկ, օրինակ, Պավարոտի լսելիս կարող է արտասվել: Այս ընթացքում վարքագծային մեծ փոփոխություններ նկատվեցին Հայկի մոտ: Երաժշտությունն իրեն շատ է օգնում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայկի մայրը՝ Սոֆյա Պողոսյանը՝ խորհուրդ տալով նմանատիպ խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին չհուսահատվել, այլ պայքարել:Հայկը հանդիպման ընթացքում իր մարզիչի ՝Գոհար Շախուլյանի հետ անակնկալ էր պատրաստել՝ թմբուկով ու քսելոֆոնով ներկայացրեց Գունոի, Շտրաուսի, Վերդիի և Մոցարտի ստեղծագործությունները: ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում 68 երեխայից 1-ի մոտ ախտորոշվում է աուտիզմ: Տղաների մոտ 5 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների: Հայաստանում պաշտոնապես գրանցված է 1000-ից ավելի աուտիզմ ունեցող երեխա:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am