The HALO Trust-ի պաշտոնյան ԱՀ ԱԳ նախարարին ներկայացրել է ականի կյանքեր խլած պայթյունի միջադեպի քննության ընթացքը

Armenpress 19:17, 10 Ապրիլ, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ապրիլի  10-ին ընդունել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարտի 29-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում ականի պայթյունից  The HALO Trust–ի զոհված աշխատակիցների ընտանիքի անդամների և վիրավորվածների սոցիալական  պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Մայքլ Նյուտոնը ներկայացրել է միջադեպի կապակցությամբ կազմակերպության կողմից իրականացվող քննության ընթացքը։

Մայքլ Նյուտոնը կրկին երախտագիտություն է հայտնել Արցախի կառավարությանը՝ կազմակերպությանը օպերատիվ օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև անձամբ ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանին՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հետ միասին  The HALO Trust–ի գրասենյակ այցելության և Արցախի իշխանությունների անունից բարոյական աջակցության համար։

Մասիս Մայիլյանը հաստատել է  Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հանրապետությունում The HALO Trust–ի գործունեությանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am