Հյուրանոցային տնտեսության, զբոսաշրջիկների զգալի աճ. տասնամյակի առաջընթացը զբոսաշրջության ոլորտում. ՖԻԼՄ


Տասնամյակի առաջընթացը զբոսաշրջության ոլորտում. ՖԻԼՄ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներին զբոսաշրջության ոլորտում նկատելի առաջընթաց է արձանագրվել: Եթե 2007 թվականին Հայաստան այցելուների թիվը կազմում էր 510.000, ապա 2017 թվականին այդ թիվը մոտեցել է 1.500.000-ի: Հայաստան այցելում են հիմնականում Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից և եվրոպական մի շարք երկրներից, իսկ վերջին տարիներին զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ է արձանագրվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններից, Ֆիլիպիններից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Չինաստանից և այլն: Հետաքրքրական է, որ այս տարիներին զգալիորեն մեծացել է Հայաստան այցելող երիտասարդների թիվը: Օրինակ, եթե 2007 թվականին Հայաստան այցելած 18-35 տարեկան զբոսաշրջիկների թիվը կազմում էր ընդամենը 6 տոկոս, ապա այսօր արդեն այդ ցուցանիշը գերազանցում է 37 տոկոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեռևս 2008 թվականին, հիմնվելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտում մինչ այդ գրանցված ձեռքբերումների, ինչպես նաև դեռևս առկա մարտահրավերների վրա, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց զբոսաշրջության զարգացման նոր հայեցակարգ, որտեղ սահմանվեցին ոլորտի զարգացման հավակնոտ նպատակներ և մշակվեց այդ նպատակներին հասնելու գործողությունների ծրագիրը:  Այսօր արդեն կարող ենք փաստել, որ հայեցակարգը շոշափելի արդյունքներ է տվել:

Զգալիորեն ավելացել է ոչ միայն Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, այլև ակտիվացել է ներքին տուրիզմը: Եթե համեմատականներ անցկացնենք 2007 թվականի հետ, ապա պետք է փաստենք, որ ներքին զբոսաշրջիկների թիվը ևս եռապատկվել է՝ գերազանցելով 1.000.000-ը (դա մեծապես պետական քաղաքականության, այդ թվում նաև՝ սոցիալական փաթեթների ներդրման արդյունք է):

Ոլորտի արագ աճն, ինչպես նաև երկրում այս տարիների ընթացքում ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը խթանել են զբոսաշրջային ենթակառուցվածքների շեշտակի զարգացմանը: Բավական է միայն փաստել, որ Հայաստանում ներկայումս գործում է առավել քան 540 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, ինչն առավել քան 2 անգամ գերազանցում է 2007 թվականի ցուցանիշը: Ի դեպ, Հայաստանում հյուրանոցների առավել քան 60 տոկոսը մարզերում է տեղակայված, այդ թվում՝ գյուղական բնակավայրերում:

Զբոսաշրջության զարգացմանը նպաստում է նաև հյուրանոցային օբյեկտների  այսօր առկա բազմազանությունը՝ արդեն գործում է ավելի քան 30 հոսթել, հանրապետության մարզերում, հատկապես՝ գյուղական բնակավայրերում գործում է ավելի քան 250 գյուղական տուն, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտների նոր տեսակ՝ օրավարձով բնակարաններ, որոնց քանակն անցում է 4000-ը: Հայաստանը գրավիչ է դարձել նաև համաշխարհային հեղինակավոր հյուրանոցային ցանցերի համար, ինչպես օրինակ՝ Radisson, Marriott, IBIS, Hilton և այլն:

Զբոսաշրջության ոլորտում տարվող պետական քաղաքականության հիմնական և կարևոր նպատակներից մեկը զբոսաշրջության ապակենտրոնացումն է՝ Երևանից դեպի մարզեր, զբոսաշրջային սեզոնի երկարացումը, տեղական ավանդույթների վերականգնումն ու պահպանումը, համայնքների տնտեսության ակտիվացումը:

Կարևորվում է նաև զբոսաշրջության արդյունքի դիվերսիֆիկացումը. Հայաստանը ներկայացվում է որպես կրոնական, ագրո, էկո, արկածային, գինու, առողջարանային զբոսաշրջության գրավիչ ուղղություն:

Պետական աջակցությամբ ձևավորվում, զարգանում և միջազգային շուկայում աստիճանաբար ավելի ճանաչելի են դառնում ավանդական փառատոնները, որոնք ներառում են շուրջ 30 թեմա: Պատահական չէ, որ, օրինակ, National Geographic ամսագրի կողմից ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը ներգրավել է հինգ առաջատար երկրների ցանկում՝ որպես  խոհարարական տեսանկյունից մատչելի և հետաքրքիր երկիր: Տարեցտարի ոչ միայն  Հայաստանում, այլ նաև միջազգային շուկայում ավելի ճանաչված և սպասված  են դառնում Արենիի գինու, Ախթալայի խորովածի, Հնաբերդի տոլմայի, Գորիսի թթի, Խաչիկի գաթայի և այլ ավանդական փառատոններն ու միջոցառումները: Գինու, թթի և այլ փառատոններ արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպվում են նաև Արցախում:

Կրոնական զբոսաշրջության զարգացման գործում հսկայական նշանակություն ունեցավ 2016 թվականին Հռոմի պապի այցը Հայաստան, որը կոչվեց «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր»:

2010 թվականին կառուցվեց Հայաստանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը՝ «ՏաԹևեր» ճոպանուղին: Այն ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի:

Ակտիվ զարգանում է էքստրիմալ տուրիզմը: Իջևանից մի քանի մետր հեռավորության վրա՝ Ենոքավանում գործում է Yell Extreme Park-ը, որը հայտնի է իր Zip line-երով, որոնցից ամենաերկարը 750 մետր է, իսկ թռիչքն անցնում է 200-300 մետր բարձրության վրա: Բացի այդ, նախագծային աշխատանքներ են սկսվել աշխարհի ամենաերկար Zip line-ը կառուցելու ուղղությամբ, որի երկարությունը կկազմի շուրջ երեք կիլոմետր:

Զբոսաշրջության զարգացմանն ուղղված այլ ծրագրերի շարքում են Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման, Ջերմուկի, Կալավանի, Հայլենդզ էկո-գյուղի ծրագրերը, ինչպես նաև ՄԱԿ զարգացման ծրագրերի գրասենյակի և Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող զբոսաշրջության զարգացման ծրագրերը՝ շուրջ 60 գյուղերում:

Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նպաստել է նաև մեր երկրի կողմից տարվող բաց երկնքի քաղաքականությունը: Ներկայումս 28 ավիաընկերություն Հայաստանի Հանրապետությունից իրականացնում է կանոնավոր ավիափոխադրումներ: Բացի այդ, օտարերկրացիների համար Հայաստանն էապես ավելի հասանելի է դարձել սահմանի անցման գործընթացների դյուրացման արդյունքում: Ավելի քան 40-ով ավելացել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն ազատված են մուտքի արտոնագիր ստանալու պահանջից:

Կարևոր է նաև փաստել, որ Հայաստանը դարձել է աշխարհում առկա զբոսավարների միջազգային կրթական երկու կենտրոններից մեկը: 2014 թվականից Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում սկսել է գործել զբոսավարների միջազգային կրթական կենտրոն: Հայաստանն աշխարհին հայտնի է նաև որպես անվտանգ զբոսաշրջային երկիր, ինչի մասին վկայում են Հայաստան այցելած օտարերկրացիները, ինչպես նաև հեղինակավոր պարբերականները, այդ թվում՝ Gallup-ը, որը Հայաստանը ներառել է ամենաապաhով երկրների շարքում:

Վերջում մնում է միայն փաստել, որ ապագայում ևս Հայաստանը չի բավարարվելու առկա ձեռքբերումներով՝ ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը դարձնելով շարունակական: Սրա մասին է վկայում այն, որ ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով նպատակ է սահմանվել առնվազն կրկնապատկել ոլորտի ձեռքբերումները՝ միայն ներգնա զբոսաշրջիկների թիվը հասցնելով առնվազն 3 միլիոնի: Այս հավակնոտ նպատակների համար էլ ստեղծվեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն, ինչպես նաև  Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am