Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կհրապարակի սահմանված ժամկետի խախտմամբ հայտարարագրեր ներկայացրած անձանց ցանկը

Armenpress 09:35, 10 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կարևոր խնդիրներից է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովող անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը: Հանձնաժողովի առաջնահերթ խնդիրներից է օրենսդրական նոր դրույթների կենսագործումը, այդ թվում` հայտարարագրերի տվյալների արժանահավատության ստուգումը, հայտարարագրերին առնչվող խախտումների համար  գործընթացների իրականացումը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անցած տարիների աշխատանքի, առաջիկա քայլերի, հանձնաժողովում քննվող գործերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանի հետ:  -Տիկին Սահակյան, հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ուրույն տեղն ու դերը` խնդրում եմ ներկայացրեք հանձնաժողովի առջև դրված խնդիրները, գործունեությունը հատկապես սահմանադրական բարեփոխումներից և կառավարման նոր համակարգի անցնելու համատեքստում: 

-Նախ նշեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարն ունի տարբեր ուղղություններ, որոնցից առանցքային են կանխարգելումը և պատժելը: Եթե զուգահեռ անցկացնենք, օրինակ, հիվանդությունների հետ, ապա գոյություն ունի հիվանդության կանխարգելում և բուժում: Ինչպես հիվանդությունների, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարում դերակատարումներն առանձնացված են, իսկ տրամադրված միջոցները՝ տարբերակված:  Կոռուպցիայի դեմ պայքարում Հանձնաժողովն իրականացնում է կանխարգելիչ դեր` միտված կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը: Հանձնաժողովը, սակայն, կոռուպցիոն հանցագործություններ բացահայտելու և պատժելու լիազորություն չունի, որը տրված է այլ մարմինների: Որպես կանխարգելող մարմին Հանձնաժողովի հիմնական խնդիրը պաշտոնատար անձանց ֆինանսական հայտարարագրման և հանրային էթիկայի համակարգերի զարգացումն է: Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված` Հանձնաժողովի խնդիրն է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովող անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելը: Ուստի, Հանձնաժողովի կողմից կարևորվում է մինչև նոր մարմնի ձևավորումը օրենսդրական դրույթների կատարելագործումը, շահերի հայտարարագրման համար էլեկտրոնային համակարգի վերազինումը, ֆինանսական հայտարարագրերի բազմաշերտ վերլուծությունների համար տեղեկատվական բազաների կապակցումը, որոնք Հանձնաժողովն արդեն իսկ հաջողությամբ իրականացրել է: Եվ իհարկե, Հանձնաժողովի առաջնահերթ խնդիրներից է օրենսդրական նոր դրույթների կենսագործումը, այդ թվում` հայտարարագրերի տվյալների արժանահավատության ստուգումը, հայտարարագրերին առնչվող խախտումների համար  գործընթացների իրականացումը:  -Որքանո՞վ եք արդյունավետ համարում հանձնաժողովի աշխատանքն անցած տարիների ընթացքում և ի՞նչ քայլեր են նախատեսվում առաջիկայում աշխատանքի արդյունավետությունն ավելի բարձրացնելու ուղղությամբ:  -Ցանկացած մարմնի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ գնահատական սուբյեկտիվ կհնչի, եթե այն հիմնված չէ օբյեկտիվ չափորոշիչների վրա: Ես` որպես կառույցի ղեկավար, զերծ կմնամ որևէ դրական ինքնագնահատական հնչեցնելուց, բայց կառաջադրեմ այն չափորոշիչները, որոնց հիման վրա միջազգային պրակտիկայում գնահատվում է համանման կառույցների աշխատանքը: Առաջին, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մոնիթորինգ իրականացնող միջազգային կազմակերպությունների, փորձագիտական խմբերի գնահատականները: Այս առումով, կոռուպցիայի կանխարգելման ոլորտում ձեռնարկած միջոցառումները և դրանց արդյունքներն արդեն իսկ գնահատվել են այնպիսի հեղինակավոր և մասնագիտացված կառույցների կողմից, ինչպիսիք են ԳՐԵԿՈ (GRECO), ՏՀԶԿ (OECD), ԵՄ և Համաշխարհային բանկը: Միջազգային զեկույցներում արձանագրված է, որ կոռուպցիայի կանխարգելման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգ ձևավորելու, բարենպաստ իրավական նախադրյալներ ձևավորելու հարցում Հայաստանն արձանագրել է նշանակալի առաջընթաց:   Երկրորդ, ներդրված ինստիտուտները և ենթակառուցվածքները, դրանց վրա ծախսված ժամանակը, տրամադրված մարդկային և ֆինանսական ռեսուրսները:Նշեմ, որ մինչև 2017 թվականի կեսերը Հանձնաժողովը գործել է 5 անդամի կազմով՝ առանց աշխատակազմի, ինքնուրույն բյուջեի՝ սահմանափակ լիազորություններով: Այդուհանդերձ, Հանձնաժողովի ջանքերով պաշտոնատար անձանց ֆինանսական հայտարարագրերի համակարգն Հայաստանում առաջին անգամ փաստացի ներդրվեց, ապահովվեց տվյալների հանրայնացումը: Հայտարարագրումը իրավական առումով Հայաստանում ներդրվել է դեռևս 1992 թվականին: 2001 թվականին ընդունվել է ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին օրենքը, որով օրենքի վերահսկողությունը տրվել էր լուրջ գործիքակազմով և ռեսուրսներով զինված հարկային մարմիններին: Տասնամյակից ավել այս ոլորտում գործնական արդյունք հնարավոր չի եղել ապահովել, անգամ հայտարարագրերի հավաքման և հրապարակայնացման մասով: Նույն կերպ ձախողման է դատապարտվել ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգը:  Մինչդեռ, Հանձնաժողովի ջանքերով ներդրված է ժամանակակից պահանջներով համակարգ, որը լուծում է ոչ միայն հայտարարագրերի հավաքման, հրապարակայնացման, այլև վերլուծական խնդիրներ՝ գերազանցելով հայտարարագրման երկարատև և կայացած համակարգ ունեցող երկրներին: Հայաստանի հայտարարագրման համակարգը միջազգային զեկույցներում ներկայացվում է որպես հաջողված և մրցունակ: Ծախսված ռեսուրսների և ժամկետի առումով Հանձնաժողովի փորձը ևս աննախադեպ է և ուսանելի է այլ երկրների համար: Այսպես լավագույններից մեկը համարվող ռումինական փորձի դեպքում Ռումինիայի ազգային ինթեգրիթի գործակալությունը (ստեղծվել է 2007 թվականին) ներդրեց էլեկտրոնային հայտարարագրման համակարգն՝ իր վերլուծական գործիքակազմով, միայն 2014 թվականին՝ գործունեությունից շուրջ 7 տարի անց: Ընդ որում, գործակալությունն ունի շուրջ 200 աշխատակից, իսկ միայն 2014 թվականին հատկացված պետական բյուջեն կազմել է 4,5 միլիոն եվրո (չի ներառում ուղղակի ֆինանսավորումները միջազգային կառույցների կողմից, որոնք գերազանցում են մի քանի տասնյակ միլիոնը): Նույն կերպ, ԱՄՆ Կառավարության էթիկայի գրասենյակը (ստեղծվել է 1978 թվականին) ներդրեց էլեկտրոնային հայտարարագրման համակարգը միայն 2012 թվականին՝ առանց վերլուծական գործիքակազմի: Հայտարարագրերի տվյալների արժանահավատության ստուգման նպատակով առցանց  էլեկտրոնային հասանելիություն է ապահովված  տեղեկատվական բազաներին: Շահերի բախման օրենսդրական թերի կարգավորումների և պրո-ակտիվ դերի բացակայության պայմաններում, Հանձնաժողովը նախաձեռնել և իրականացրել է խորքային ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կյանքի է կոչվել կանխարգելման ոլորտում հիմնավոր օրենսդրական քաղաքականության մշակումը, այդ թվում՝ շահերի հայտարարագրման ներմուծումը: Մի շարք ուսումնասիրությունների արդյունքներով ներկայացվել են առաջարկություններ Կառավարությանը հանրային ծառայության և այլ օրենսդրական ակտերում  միասնական և հարմոնացված քաղաքականություն ապահովելու համար: Հանձնաժողովը միջազգային կառույցների հետ համագործակցությամբ սկսել է վարքագծի կանոնագրքերի մշակման գործընթացը, ներդրել է կոռուպցիայի կանխարգելման հարցերով ուսումնական և վերապատրաստման ծրագրեր: Միաժամանակ պետք է փաստել, որ առավելապես վերջին մեկ տարվա ընթացքում Հանձնաժողովի նախաձեռնությամբ և ակտիվ ներգրավվածությամբ տեղի են ունեցել առկա խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական մեծածավալ բարեփոխումներ (օրինակ` ամբողջական լիազորություններով և ամուր կարգավիճակով կոռուպցիայի կանխարգելման մարմնի ձևավորում, ապօրինի հարստացման քրեականացում, բարեվարքության համակարգի ինստիտուցիոնալացում, հայտարարատուների շրջանակի ընդլայնում, հայտարարագրերի վերլուծության և արժանահավատության լիազորության սահմանում, հայտարարագրմանն առնչվող խախտումների համար սանկցիաների սահմանում, շահերի բախման կարգավորումների վերանայում, այդ թվում՝ փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնում, շահերի բախման և այլ սահմանափակումների խախտումների դեպքերում իրավական հետևանքների հստակեցում, շահերի հայտարարագրման համակարգի ներդնում, հայտարարագրերի բովանդակության միասնականացում և այլն): Պետք է նաև նշեմ, որ մեզ դեռ չի հաջողվել հանրության շրջանում ձևավորել ճշգրիտ պատկերացումներ Հանձնաժողովի դերի ու խնդիրների վերաբերյալ` պայմանավորված իրազեկման լայնածավալ միջոցառումների բացակայությամբ: Մյուս կողմից, մտահոգիչ է մնում կոռուպցիայի ընկալման համաթիվը: Հասարակական ընկալումների փոփոխման խնդիրը կենսական է և այն պահանջելու է քայլեր ինչպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, այնպես էլ իրավապահ մարմինների, հանրային կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնող կառույցների, վերահսկող, աուդիտ իրականացնող մարմինների կողմից, նաև` արդյունավետ համագործակցություն միմյանց միջև: -Վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում հստակեցվել են բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերը ոչ պատշաճ ներկայացնելու դեպքում առաջացող իրավահարաբերությունները: Որքանո՞վ եք կարևորում այս փոփոխությունները, նպաստում ե՞ն դրանք հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:  Անշուշտ, նպաստում են: Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը հայտարարագրերի վերլուծության մեթոդներն օրենսդրական ամրագրում չէին ստացել և հստակ չէր, թե հայտարարագրերի վերլուծությունն ինչ է ենթադրում: Բացի այդ, պարզ չէր, թե որոնք են հայտարարագրմանն առնչվող խախտումները, առկա չէին այդ առնչությամբ իրավական հետևանքներ նախատեսող օրինադրույթներ:  Իրավիճակը սկզբունքորեն փոխվել է 2017 թվականի հուլիսի 1-ից հետո: Ընդ որում, լուծում է տրված ոչ միայն վերը թվարկված հարցերին: Օրենքով Հանձնաժողովին տրվել է համապատասխան մարմինների և կազմակերպությունների տեղեկատվական բազաներին հասանելիություն, ինչը չափազանց կարևոր է հայտարարագրված տվյալների ստուգման համար: Արդյունքում Հանձնաժողովն ակտիվորեն իրացնում է վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու՝ օրենքով իրենց վերապահված գործառույթը և արդեն իսկ առկա են որոշակի ամփոփ ցուցանիշներ:  -Տիկին Սահակյան, վերջերս խորհրդարանն ընդունեց օրենսդրական նախաձեռնություն, որով ընդլայնվում է բարձրաստիճան պաշտոնյաներին փոխկապակցված անձանց ցանկը: 2017թ. օրենքով քրեականացվել է նաև ապօրինի հարստացումը: Արդյունավետ լուծում համարում ե՞ք այս գործիքները կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առումով: -Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ոչ միայն ընդլայնվել է  հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը, այլև հայտարարագրման իմաստով ներդրվել է նոր հասկացություն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք՝ անձի ամուսինը, անչափահաս զավակը, անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր ոք: Այդ առումով, հայտարարատուների շրջանակը վերանայելիս հաշվի են առնվել նաև համապատասխան ոլորտների ռիսկայնությունը: Սակայն հայտարարատուների շրջանակի ընդլայնումը կլիներ ինքնանպատակ, եթե չհստակեցվեին հայտարարագրերի վերլուծությանն առնչվող կարգավորումները, չսահմանվեին խախտումների համար վարչաիրավական և քրեաիրավական ներգործության միջոցներ: Այդ առումով, կարևորվում է նաև հայտարարատուների ապօրինի հարստանալու ռիսկերի վերհանման գործընթացը, որում դերակատարում է ունենալու առաջիկայում ձևավորվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում Հանձնաժողովը եզրահանգի, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի ավելացումը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ եկամտի աղբյուրը օրինական չէ, համագործակցելու է ՀՀ գլխավոր դատախազության հետ: Բոլոր դեպքերում Հանձնաժողովը հակակոռուպցիոն պայքարի ոլորտում ունենալու է ավելի լայն գործիքակազմ, քան գործող էթիկայի հանձնաժողովը:    -Խնդրում եմ ներկայացրեք, թե ի՞նչ սանկցիաներ են նախատեսված այն դեպքերի համար, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ նրան փոխկապակցված անձինք սահմանված ժամկետներում չեն ներկայացնում հայտարարագիրը:  -Նախ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին համապատասխան՝ հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը Հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը առաջացնում է նախազգուշացում: Վերջինիս կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարատուի կողմից հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում: Վերոնշյալ վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելը արդեն քրեորեն պատժելի է` պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ առանց դրա:  -Տիկին Սահակյան, խնդրում եմ ներկայացնել հանձնաժողովում այս պահին քննվող գործեր, որոնք կարող են հետաքրքիր լինել հանրության լայն շերտերի համար: -Նախ չէի ցանկանա կոնկրետ գործերով անուններ տալ, քանի որ ստիպված կլինեմ դա անել ընտրողաբար: Միաժամանակ, կներկայացնեմ քննարկվող գործերի բնույթը:  Այս պահին Հանձնաժողովի կողմից քննվող գործերի շարքում են 2017թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրերում արտացոլված տվյալների ստուգման արդյունքներով վերհանված շուրջ 170 անհամապատասխանությունների դեպքեր:  Ներկայումս ընթացքի մեջ են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից նախորդ տարիներին ներկայացված հայտարարագրերում արժեթղթերի (այլ ներդրումների) մասով արտացոլված տվյալների արժանահավատության ստուգման արդյունքներով վերհանված անհամապատասխանությունների դեպքերի հետ կապված ընթացակարգերը: Այդ առումով, 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված հայտարարագրերում վերհանված անհամապատասխանությունների առնչությամբ առաջիկայում կնախաձեռնվեն վարութային ընթացակարգեր: Առաջիկայում կհրապարակայնացվի այն անձանց ցանկը, ովքեր 2017 թվականի հուլիսի 1-ից հետո գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրեր են ներկայացրել սահմանված ժամկետի խախտմամբ: Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ միայն այս տարվա ընթացքում Հանձնաժողովի որոշումներով վարչական տույժեր են կիրառվել ավելի քան յոթ տասնյակ անձանց նկատմամբ:  Հանձնաժողովը նաև ուսումնասիրում է իր իրավասության ներքո գտնվող այլ հարցերին առնչվող դիմումներն ու հրապարակումները և համապատասխան հիմքերի առկայության պարագայում ընթացք տալիս դրանց՝ արդյունքների մասին տեղեկացնելով շահագրգիռ անձանց:

 

Հարցազրույցը Շանթ Խլղաթյանի 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am