Հայաստանի և Մալթայի ինքնիշխան ուխտի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր
ՎԱՏԻԿԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի (Մալթայի ինքնիշխան ուխտ) միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Այն ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Մալթայի ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ Դիվանապետ Բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը:
Ինչպես Վատիկանից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, համաձայնագիրը նպատակ ունի խթանելու առողջապահական, մարդասիրական բնագավառներում համատեղ գործունեությունը:
Ստորագրման արարողությունից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն հանդես եկան ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:
Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1998 թվականի մայիսին: 1998թ. նոյեմբերին Մալթայի Ուխտը միակողմանի հիմունքով դեսպան է հավատարմագրել Հայաստանում: Մալթայի Ուխտի առաջին դեսպանը, որը պաշտոնավարել է մինչև 2008թ. հոկտեմբերը, եղել է Անդրե Գուտցվիլլերը:
Շուրջ 10 տարի այդ պաշտոնը զբաղեցրած դեսպան Ա. Գուտցվիլլերը, հավատարիմ լինելով Մալթայի Ուխտի առաքելության հիմնական նպատակին, աջակցել է աղքատներին և խոցելի շերտերին, իր գործունեությունն ուղղել մարդասիրական ծրագրերին: Ուշադրության արժանի է այն փաստը, որ Մալթայի Ուխտը Հայաստանին մարդասիրական օգնություն է հատկացրել դեռևս 1989թ., երկրաշարժից հետո, թեև օգնության բեռներն առաքվել են այլ երկրների (Ֆրանսիա, Շվեյցարիա) օգնության ներքո: