Վատիկանում մեկնարկել է Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման և բացման արարողությունը

Armenpress 14:25, 5 Ապրիլ, 2018

ՎԱՏԻԿԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի իսկական կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը։

Ինչպես Վատիկանից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիսավոր արարողությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։

Ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Երևանցին է։ Բրոնզե արձանը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության ձուլարաններից մեկում՝ շնորհիվ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և Արթուր Ջանիբեկյանի ֆինանսական աջակցության։ Արձանի երկու օրինակ է ձուլվել, որոնցից մեկը Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի համար։ Այսպիսով, արվեստի միջոցով մի ուղերձ է փոխանցվում, որն ի զորու է սերտացնել հարաբերությունները քույր եկեղեցիների միջև։

Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը Վատիկանին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրելու գաղափարը ծագել է երկու տարի առաջ, Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում, երբ Նախագահ Սարգսյանը Սուրբ Հորը նվիրեց Սուրբ Գրիգոր Նարեկացու փոքրիկ բրոնզե արձանը՝ հուսալով մի օր դրա խոշոր տարբերակը տեսնել Վատիկանի պարտեզներում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am