«Մասրիկ-1»-ի մրցույթը նոր և հեռանկարային փուլ է բացում դեպի անկախ էներգետիկ համակարգ. վարչապետ Կարապետյան

Armenpress 11:10, 4 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է «Մասրիկ-1» ծրագրի ներդրողների մրցույթը, որի կանոնների համաձայն՝ այն ընկերությունը կամ կոնսորցիումը, ով կառաջարկեր ամենացածր սակագինը, իրավունք կստանար իրականացնել «Մասրիկ-1» 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը: 

Մրցույթի արդյունքներով ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը:

Ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառմամբ տեղեկացնում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, առաջարկված սակագինն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): «Համեմատության համար, ներկայումս Հայաստանում գործող բնական ջրահոսքերի վրա փոքր հիդրոկայանների համար սակագինը 23.8 դրամ է: Այս սակագինը աննախադեպ է աշխարհում նման համեմատաբար փոքր հզորության միջազգային մրցույթների համար։ Սա վկայում է ներդրողների մոտ մեր էներգետիկ համակարգի և մեր կողմից վարվող ներդրումային քաղաքականության նկատմամբ բարձր վստահության մասին։ Այս ծրագիրը նաև օրինակելի և նախադեպը չունեցող ծրագիր է՝ պետական֊ մասնավոր համագործակցության համատեքստում։ Կոտրելով բոլոր կարծրատիպերը՝ այս մրցույթը նոր և չափազանց կարևոր հեռանկարային փուլ է բացում դեպի անվտանգ և անկախ էներգետիկ համակարգ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է վարչապետ Կարապետյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am