Արմենակ Ուրֆանյանը կշարունակի ապրել սերունդների համար. հերոսի դպրոցում բացվեց նրա անունը կրող հրաձգարան

Armenpress 18:45, 3 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում բացվել է  ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը կրող հրաձգարան: Հերոսը սովորել է հենց այն դպրոցում, որտեղ եւ բացվել է հրաձգարանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, մայրը՝ Համեստ Ներսիսյանը, եղբայրը՝ Ֆրանց Ուրֆանյանը, ապրիլյան պատերազմի հերոսներ Անդրանիկ Զոհրաբյանի եւ Գրիգոր Հարությունյանի ծնողները, ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Թորոսյանը, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը,  ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Շիրակ Թորոսյանը, Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը եւ այլք:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ պատմության ընթացքում հակառակորդները ստիպել են  յուրաքանչյուր սերնդի համար կերտել հերոսության, հայրենիքին նվիրման բազմաթիվ օրինակներ:  

«Ընդամենը երկու տարի է անցել մարտական օրերից, որոնք մեզ եւս մեկ անգամ փորձություն պարտադրեցին, որը եւ  պատվով հաղթահարեցինք, եւ այդ պատիվը, արժանապատվությունը  եւ հպարտությունն առաջին հերթին նվիրեցին պաշտպանական սահմանին կանգնած մեր առաջապահ ուժերը: Բառերով  դժվար  է ասել,  թե 7 հոգով իրենց հերոս հրամանատարի գլխավորությամբ ինչպես կարելի է դիմագրավել եւ մարտ վարել մի հսկա հարձակողական ուժի դեմ՝ չհանձնվելով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արտակ Զաքարյանը եւ հավելեց՝ ոգեւորող է, որ հրաձգարանը կրում է հենց Արմենակ Ուրֆանյանի անունը, քանի որ այն ծառայելու է մի խաղաղ նպատակի՝ ուսուցանել աշակերտներին պաշտպանել ամենաթանկը, որը Հայաստանին բաժին է հասել դեռեւս 5000 տարի առաջ:

Դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանն ասաց, որ երկու տարի առաջ Հայոց բանակի զինվորներն ու սպաները, կասեցնելով հակառակորդի ներխուժումը  հայրենիքի սահմաններ, ծառայեցին որպես անձնուրացության օրինակ:

«Այս հերոսապատման նշանավոր ներկայացուցիչն է հենց դպրոցի սան, կապիտան Արմենակ Ուրֆանյանը: Խորին ափսոսանքով ենք տալիս նրա անունը, բայց եւ զարմանալի զորությամբ չենք տրվում ցավին,   հավաքվում ենք ուժի եւ հպարտության գաղափարների շուրջ»,- նշեց դպրոցի տնօրենը:

Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն էլ նշեց, որ պարտավոր են այս հերոսների սխրանքը հիշել եւ հիշատակը վառ պահել:

«Արմենակ Ուրֆանյանն այն սպաներից էր, ով իր զինվորների հետ միասին արյան վերջին կաթիլը  տվեց հայրենիքին, անկախությանը:  Մեր խոնարհումը՝ բոլոր զոհված ազատամարտիկներին եւ շնորհակալությունը՝ այն ընտանիքներին, որոնք ծնել են նման հերոս տղաների»,- ասաց Դավիթ Օհանյանը:

Պաշտպանության նախարարության կողմից Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, պարգեւատրվեց հայրենիքին անմնացորդ նվիրված, անձնազոհ զավակ դաստիարակելու համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am