Burger King-ում կատարվածի նախնական վարկածը գարեջրի ճնշումն ապահովող թթվածնի բալոնի պայթյունն է. նախարարը դեպքի վայրում է

Armenpress 22:37, 2 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային պողոտայում Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի նախնական վարկածը գարեջրի ճնշումն ապահովող թթվածնի բալոնի պայթյունն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ով տեղում ծանոթացավ կատարվածին, շրջեց արագ սննդի կետի ներսում: Նրա խոսքով՝ նախնական վարկածը գարեջրի ճնշումն ապահովող թթվածնի բալոնի պայթյունն է:

Նախարարը դժվարացավ պատճառների մասին այլ մանրամասներ ասել՝ նշելով, որ քննիչները և տեխնիկական անվտանգության փորձագետներն աշխատում են:

Տոնոյանի խոսքով՝ ԱԻՆ-ը մինչև պայթյունը որևէ գործառույթ չի ունեցել՝ հսկելու բալոնների անվտանգությունը: «Պատճառները կարող են տարբեր լինել. կարող է ճնշման տատանում լինել, կարող է ավելի լինել ճնշումը բալոնում: Այս պահին ճիշտ չէ որևէ մեղավորի մասին խոսելը»,-ասաց նախարարը:

Նա հավաստիացրեց, որ հրդեհատեխնիկական անվտանգության խնդիր այս դեպքի հետ կապված չկա, սակայն ՌԴ Կեմերովոյի հրդեհի դեպքից հետո բոլոր տեղերում խստացված ստուգումներ են անցկացվում:

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am