1000х90.jpg (78 KB)

Երաժշտական «Ծիծեռնակ»-ները գտան իրենց տաքուկ բույնը. մրցանակների արժանացան լավագույնները

Armenpress 01:03, 1 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունն իմի բերեց և հանրությանը ներկայացրեց հայ երաժշտարվեստի տարվա ընթացքում ստեղծված լավագույն նմուշները և լավագույն կատարողներին: Մրցանակներ հանձնվեցին դասական, ժողովրդական և ՓՈՓ ժանրերում: Մրցանակաբաշխությունն անցկացվեց մարտի 31-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Թող որ հոգու հավերժության այս գեղեցիկ տոնին բոլոր մրցանակ ստացողներն իսկապես ուրախանան և զվարթանան, իսկապես արժանի լինեն այն մրցանակներին, որոնք նախատեսված են լավագույնների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 

Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և երգահան Ավետ Բարսեղյանը «Հատուկ մրցանակ»-ի արժանացան «Ճանապարհ դեպի հեքիաթային աշխարհ» նախագծի իրականացման համար:

«Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգաշարի համար «Հատուկ մրցանակ»-ի արժանացավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նա ասաց, որ խորապես զգացված է բարձր գնահատականի, այն բուռն հույզերի համար, որ ապրում է այդ պահին: Մանսուրյանը շեշտեց, որ իր համար թանկ է հայոց լեզուն, հայ պոեզիան:

«Հատուկ մրցանակ»-ի արժանացավ նաև «Համահայկական նվագախումբ» նախագիծը:

«Մշակութային կանգառ» նախագծի իրականացման գործում մեծ աջակցության համար «Հատուկ մրցանակ» տրվեց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս դրա  նախագահ Գաբրիել Ջամբարջյանի:

«Այայի երկիր Արցախ» ստեղծագործության համար մրցանակ հանձնվեց նաև երգչուհի Գայա Արզումանյանին:

Օպերային երգիչ Արտակ Հարությունյանն արժանացավ «Հատուկ մրցանակ»-ի «Կրկին բեմում» համերգային ծրագիրը կյանքի կոչելու համար:

Արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար «Հատուկ մրցանակ» տրվեց Սիրուշոյին:

Ջազ երաժշտության հանրահռչակման գործում ներդրում ունենալու համար «Հատուկ մրցանակ»-ի արժանացավ Հայաստանի ջազ ասոցիացիան ի դեմս դրա նախագահ Կամո Մովսիսյանի:

Հայաստանյան մշակութային կյանքը լավագույնս լուսաբանելու համար «Հատուկ մրցանակ» հանձնվեց Հայաստանի հանրային հեռուստատեսությանը:

«Հատուկ մրցանակ» տրվեց նաև երգահան Արթուր Գրիգորյանին՝ հայկական էստրադայում նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի առիթով:

Դասական ժանրում տարվա լավագույն երաժշտախումբ համարվեց «Հովեր»  պետական կամերային երգչախումբը:

Նույն ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ) անվանակարգում հաղթեց տենոր Լիպարիտ Ավետիսյանը:

Լավագույն երաժիշտ-կատարող (գործիք) ճանաչվեց ջութակահարուհի Դիանա Ադամյանը:

Դասական ժանրում լավագույն ալբոմ համարվեց դաշնակահար Հայկ Մելիքյանի «Alexsandr Harutyunyan: Complete piano works» սկավառակը:

Լավագույն համերգային ծրագիր անվանակարգում հաղթեց «Ահեղ դատաստան» նախագիծը (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն):

Ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ ճանաչվեց Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբը:

Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ) անվանակարգում մրցանակի արժանացավ Վարդան Բադալյանը:

Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (գործիք) ճանաչվեց Նորայր Գաբոյանը:

Վերոնշյալ ժանրում լավագույն ալբոմ անվանակարգում հաղթեց «Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ»-ը «Քեզ եմ հիշում» սկավառակի համար:

Լավագույն համերգային ծրագիր անվանակարգում մրցանակը տրվեց Կամո Սեյրանյանի «Դուդուկի մեծարման երեկո»-ին:

Մասսայական (POP) ժանրում տարվա լավագույն ռոք խումբ դարձավ վերջին շրջանում շատերի ուշադրությունը գրաված, ալտերնատիվ ռոք և ինդի ռոք ժանրերում ստեղծագործող «Նեմրա» խումբը, որի ելույթը բուռն ծափահարություններով ընդունվեց:

Լավագույն ՓՈՓ խումբ դարձավ «Արցախի ձայներ» նախագիծը:

Լավագույն ալբոմ համարվեց YellowStons խմբի «Զարմանալի և անսովոր» ձայնասկավառակը:

Լավագույն համերգային ծրագիր  անվանակարգում հաղթեց  Հայկոն «Սիրո Հավերժ քաղաք» խորագրով մենահամերգով:

Լավագույն տեսահոլովակ անվանակարգում մրցանակը կրկին Հայկոն ստացավ «Սիրո Հավերժ քաղաք» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի համար (Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան):

Լավագույն դուետ  համարվեց «Արամ MP3 և 3.33» «Սկսում ենք պարել» գործով:

Տարվա հայտնություն անվանակարգում հաղթեցին Հակոբ Հակոբյանը և Արման Հովհաննիսյանը:

Տարվա հիթ դարձավ Էդգար Էլբակյան կրտսերի հեղինակած «Լուսին» ստեղծագործությունը Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի մեկնաբանությամբ: Վերջիններս իրենց մրցանակը հանձնեցին հեղինակի մորը` Աննա Էլբակյանին:

Տարվա լավագույն երգիչ ճանաչվեց Էրիկ Կարապետյանը:

Տարվա լավագույն երգիչուհի դարձավ Իվետա Մուկուչյանը:

Շքեղ, գունագեղ և պայծառ մրցանակաբաշխությանը հետաքրքիր և զգացմունքային համարներով հանդես եկան Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանը, Գայա Արզումանյանը, «Նեմրա», «Գաթա» խմբերը, Էրիկ Կարապետյանը և շատ ուրիշներ:

Միջոցառումն իրականացավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am