Նիկոլ Փաշինյանի համար կարմիր գիծ է ոչ բռնի պայքարի սկզբունքը

Armenpress 15:14, 30 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ առաջիկա իրենց քայլերի և պայքարի ընթացքում մերժում են բռնությունը: Մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այլ ուժերի հետ համագործակցելու մասին հարցին, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ պայքարում իրենց համար կարմիր գիծ է ոչ բռնի պայքարի սկզբունքը: «Մենք մերժում ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլ մերժում ենք բռնությունը որպես հակագործողություն: Այսինքն, մենք բռնություն չենք գործադրելու նաև մեր նկատմամբ բռնություն գործադրողների նկատմամբ: Եվ ասել ենք, որ կգործակցենք միայն այն ուժերի հետ, որոնք անվերապահորեն կորդեգրեն նույն սկզբունքը և երաշխիքներ կտրամադրեն այս սկզբունքը կյանքի կոչելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ դա չի նշանակում, որ ենթարկվելու են իրենց նկատմամբ բռնություն կիրառողների կամքին, այլ իրականացնելու են քաղաքացիական անհնազանդության բոլոր պասիվ միջոցները:

Հարցին՝ այդ միջոցներով հնարավո՞ր է իրենց առջև դրված նպատակին հասնել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո, դա մեր համոզմունքն է, որ այլ միջոցով հնարավոր չէ: Մենք ի գիտություն ենք ընդունում ուրիշների համոզմունքը, սակայն մենք ունենք մեր համոզմունքը, որ սա միակ ճանապարհն է, որը մեզ համար հնարավորություն կստեղծի լուծել մեր առջև դրված խնդիրը»:

Փաշինյանն արձանագրում է, որ բռնությամբ իշխանության հասնելը որոշակի նախադրյալներ է ստեղծում այնուհետև այդ իշխանությունը բռնությամբ պահելու համար: «Մենք բռնությունը մերժում ենք ոչ միայն այս «14+4»-ի շրջանակներում, այլ մերժում ենք առհասարակ` որպես մեր հանրային հարաբերությունների մեթոդ: Սա մեզ համար կարևոր սկզբունք է: Մեր խնդիրը և մեր առաքելությունը ոչ թե ինչ-որ կոնկրետ ուժի հաղթանակն է, մեր խնդիրը քաղաքացու հաղթանակն է, որ վերջնական արդյունքում Հայաստանի քաղաքացին ինքն իրեն կարողանա ասել, որ հավաքեց ուժերը և կարողացավ որոշում կայացնել իր երկրի և իր ապագայի վերաբերյալ»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ մարտի 31-ին հրապարակելու են իրենց պայքարի «14+4» ճանապարհային քարտեզը, որով առաջնորդվելու են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am