Գերմանական երեք պարբերականներում տպագրվել է Հայաստանին նվիրված հատուկ ներդիր

Armenpress 20:06, 29 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական առաջատար պարբերականներում՝ «Frankfurter Allgemeine» օրաթերթում (N56112, 2018թ. մարտի 4), «Stern (N10, 2018թ. մարտի 1)  և «Der Spiegel» (N12, 2018թ. մարտի 17) ամսագրում տպագրվել է Հայաստանին նվիրված հատուկ ներդիր, որտեղ մեր երկիրը ներկայացվել է որպես ճամփորդական գրավիչ վայր, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական ներուժին, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական և ստարտափ ոլորտում արձանագրված առաջընթացին, այն հարցերին, թե ինչպես է երկիրը հաջողությամբ կարողանում համատեղել ավանդույթները ժամանակակից միտումների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. « Նյութում, մասնավորապես, նշվում է, որ Արարատ լեռան ստորոտում գտնվող փոքրիկ կովկասյան երկիրն ունի շուրջ երեք հազար տարվա պատմություն: 1991թ. անկախացումից հետո նրա գլխավոր ռեսուրսը դարձան բարձր որակավորում ունեցող և լավ կրթությամբ մասնագետները, հատկապես ՏՏ ոլորտում:

 Անդրադարձ է կատարվում «Թումո» կենտրոնի հաջող գործունեությանը, հայերի կողմից ստեղծված ծրագրերին, ինչպես, օրինակ, PicsArt-ն է: Հեղինակի ներկայացմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայերն այնքան առաջ են գնացել, որ իրենց ստեղծած արտադրանքը, օրինակ՝ ArmPhone-ը կամ ArmTab-ը, կարողանում են արդեն արտահանել: Մեծ տարածում են գտնում նաև ստարտափերը, իսկ Google-ի և Microsoft-ի պես աշխարհահռչակ ընկերություններն իրենց ներկայացուցչություններն են բացել Հայաստանում:

 Հեղինակի կարծիքով՝ աննախադեպ առաջընթաց է գրանցել նաև զբոսաշրջության ոլորտում, հատկապես՝ էկոտուրիզմի և էքստրիմ տուրիզմի զարգացման առումով, և հայերը փորձում են բնությունը և տեխնիկան մերձեցնել միմյանց, ինչի վառ օրինակներից է Տաթևի ճոպանուղին: Ամբողջ տարվա ընթացքում տեղի են ունենում մի շարք երաժշտական միջոցառումներ, որտեղ ավանդական երգերը հաջողությամբ համադրվում են ջազի և ռոքի հետ: Բացի այդ հեղինակը համոզմունք է հայտնում, որ Հայաստան այցելողներին սպասվում են բազմաթիվ խոհարարական բացահայտումներ:

 Ավանդույթ, նորարարություն և տրանսֆորմացիա. ահա այն երեք հասկացությունները, որոնք, ըստ հրապարակման, լավագույնս նկարագրում են Հայաստանը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am