Արցախի բնակիչները շարունակում են կրել պատերազմի հետևանքները. դեռևս կան ականներ բնակավայրերին մոտ. Դավիթ Բաբայան

Armenpress 15:21, 29 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի բնակչությունը շարունակում է կրել պատերազմի հետևանքները. պատերազմից հետո Արցախի տարածքն աշխարհում առաջիններից է եղել մեկ քառակուսի կիլոմետրի վրա ականների քանակով:  Պատերազմից հետո իրականացված ականազերծման աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել Արցախի տարածքը մոտավորապես 95 տոկոսով մաքրել ականներից, սակայն 100 տոկոսով չեզոքացնել վտանգը գրեթե անհնար է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում ականի պայթյունին, որի հետևանքով զոհվել են ականազերծման աշխատանքներ իրականացնող «HALO Trust» կազմակերպության երեք աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են:

«Ականների պայթյունից ընդհանրապես մենք ունենում ենք կորուստներ, և մարդիկ են զոհվում են, լինում են վիրավորներ, բայց սա է պատերազմի հետևանքը, որովհետև Արցախի տարածքը չափազանց ականապատված է եղել, աշխարհում երևի առաջիններից է եղել մեկ քառակուսի կիլոմետրի վրա ականների քանակով: Սակայն այս տարիների ընթացքում մոտավորապես 95 տոկոսը մաքրվել է: Թեպետ մնացել են որոշ տեղեր, որտեղ կան ականներ: Եվ գրեթե անհնար է 100 տոկոսով դրանք չեզոքացնել: Նույնիսկ երկրորդ աշխարհամարտից մնացած ականները տարբեր երկրներում պայթում են: Պատկերացրեք քանի տարի է անցել: Եվ այդ չարաբաստիկ դեպքը տեղի ունեցավ, ողբերգություն է, երեք ընտանիք, փաստորեն,  դժբախտացավ, երկու հոգի վիրավոր են, նրանց կյանքի համար պայքար է գնում: Կարծում եմ, որ լավ կլինի ամեն ինչ.  բժիշկներն էլ ամեն ինչ անում են, որ նրանց կյանքին վտանգ չսպառնա»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Հարցին` Արցախի տարածքի մնացած 5 տոկոսը, որտեղ ականները դեռ կան, բնակավայրերին մոտ տարածքներ ե՞ն, թե՞ դրանցից ավելի հեռու, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Կան ականներ, որ բնակավայրերին մոտ են, կան որ դաշտերում են, որովհետև պատերազմի ժամանակ այդ տարածքները` հատկապես Մարտակերտի շրջանը, Ասկերանի շրջանի արևելյան հատվածները, բազմաթիվ անգամներ ձեռքից ձեռք են անցել և ականապատվել են ինտենսիվ ձևով, իսկ այդ ականների քարտեզները կորցված են կամ միտումնավոր ոչնչացվել են ադրբեջանցիների կողմից: Հետևաբար շատ բարդ գործ է դա: Սակայն մենք երախտապարտ ենք «HALO Trust» -ին, որ կարողացավ պետության հետ մեկտեղ ականներից ահագին տարածքներ մաքրել»:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը նկատեց, որ պատերազմի հետևանքներն ակնհայտ են: Նրա խոսքով`  պատերազմի հետևանքները տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ կարող են մնալ:

 «HALO Trust» կազմակերպությունը հաստատում է, որ մարտի 29-ի առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել։ Նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվել են մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ «HALO Trust» կազմակերպությունը ներկայումս իրազեկում է զոհվածների ընտանիքներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am