Ժիրայր Գերգերյանը նշանակվել է Արցախի ՄԻՊ խորհրդական

Armenpress 11:03, 29 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Ժիրայր Գերգերյանը մարտի 29-ին նշանակվել է ԱՀ ՄԻՊ խորհրդական:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, 2018թ. փետրվարի 1-ին ուժի մեջ մտած՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքով, ի թիվս այլ բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների, հնարավորություն է տրվում Պաշտպանին ունենալ պետական միջոցներով չվարձատրվող մինչև հինգ խորհրդական:

Ժիրայր Գերգերյանը ծնվել է 1953թ.-ին, Լիբանանում, 1970թ.-ից բնակվում է Ֆրանսիայում:

Նա ավարտել է Փարիզի Քաղաքական գիտությունների ինստիտուտի քաղաքագիտության բաժինը, Փարիզի Պանթեոն Ասասի համալսարանի միջազգային իրավունքի բաժինը և Փարիզի համալսարանի հոգեբանության բաժինը:

Ժ. Գերգերյանը երկար տարիներ աշխատել է միջազգային և գործարարական իրավունքի ոլորտում: Նա կառավարել և զարգացրել է զգալի թվով ամերիկյան և եվրոպական համատեղ ձեռնարկություններ՝ իր գործունեության ընթացքում աշխատելով որպես խոշոր միջազգային ընկերությունների գործադիր տնօրեն և ավագ գործադիր փոխնախագահ:

Ժ. Գերգերյանը դասախոսել է և աշխատություններ հեղինակել միջազգային իրավունքի ոլորտում: Բացի հրապարակած բազմաթիվ հոդվածներից, նա նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ֆրանսերենով գրված երկու մենագրության, ներառյալ՝ «Լեռնային Ղարաբաղ. անջատման և ինքնորոշման միջև» գրքի հեղինակն է: Լինելով Փարիզի փաստաբանների միության անդամ` նա իր ջանքերն ուղղել է հայկական հիմնահարցերի՝ միջազգային իրավունքի տեսանկյունից առաջմղմանը:

Սկսած 2015թ.-ից՝ Ժ. Գերգերյանը տարբեր ծրագրեր է նախաձեռնել և իրականացրել Արցախում՝ նպատակաուղղված երիտասարդների կարողությունների զարգացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am