1000х90.jpg (78 KB)

Բակո Սահակյանի հանձնարարականով Ասյա Խաչատրյանի հայտարարությունների հետ կապված նշանակվել է ծառայողական քննություն

Armenpress 20:28, 27 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է ոստիկանության ղեկավարությանը ծառայողական հետաքննություն իրականացնել Ասյա Խաչատրյանի հայտարարությունների կապակցությամբ: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Խաչատրյանի պնդումներին` Արցախում ոստիկանների կողմից իր նկատմամբ ապօրինությունների կատարելու վերաբերյալ:

«Այն ինչ եղել է, բոլորս իմացանք սոցիալական կայքերի միջոցով: Անկախ նրանից՝ անձը Արցախի, Հայաստանի, թե այլ երկրի քաղաքացի է, պետք է նման դեպքերում իրականացնել ծառայողական հետաքննություն` իրականությունն անվերապահորեն պարզելու և մեղավորներին պատժելու համար, եթե պնդումներն իրականության համապատասխանեն: Սա միանշանակ է և մանրակրկիտ ձևով գործը քննվելու է»,- ասաց Բաբայանը:

Միաժամանակ, նա անթույլատրելի համարեց հարցի առնչությամբ շահարկումները, առավել ևս այն «հայաստանցի-ղարաբաղցի» տեսակետից դիտարկելու առումով: «Սա անթույլատրելի է, որովհետև նման բան ընդհանրապես չկա: Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են «ղարաբաղցի-հայաստանցի» արհեստական և աննորմալ գաղափարները տարածել, աշխատում են հայոց պետականության դեմ, չի կարող լինել նման»,- ընդգծեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Միաժամանակ, Դավիթ Բաբայանը նշեց, որ Ասյա Խաչատրյանը դեպքի հետ կապված պետք է անմիջապես տեղյակ պահեր համապատասխան մարմիններին, այլ ոչ թե երկու ամիս սպասեր: «Վստահ եղեք, որ հետաքննությամբ իսկությունը պարզվելու է և եթե լինի օրենքի խախտում, ապա բոլոր մեղավորները պատժվելու են»,- ասաց Բաբայանը:

Մարտի 26-ին ժամը 20:20-ին epress.am լրատվականով հրապարակվել է «Ղարաբաղի ոստիկանները Ասյա Խաչատրյանին. Օրենք Հայաստանում կպահանջես» վերտառությամբ նյութ, որին կից տեսանյութում ներկայացվել են Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկատմամբ ապօրինություններ կատարելու վերաբերյալ վերջինիս պնդումները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am