1000х90.jpg (78 KB)

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին

Armenpress 17:55, 26 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի նախագահն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը՝ արտաքին քաղաքական օրակարգում առկա հարցերի թարմացման և նոր գաղափարների վերհանման առումով:

Աշոտ Ղուլյանը նաև ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցության ուղղությունները և թեմաների շրջանակը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աշոտ Հովակիմյանը նախ գոհունակություն է հայտնել Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունների համագործակցության ընթացիկ մակարդակից՝ նշելով, որ այն գնալով ընդլայնվում է և ներկայացրել առաջիկա ծրագրերի ուղղությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում Արցախի դիվանագիտական և խորհրդարանական ներկայացվածության, այդ միջավայրում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ նկատվող զարգացումների, ինչպես նաև համատեղ ծրագրերի ուղղությամբ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և տեղակալ Դավիթ Մելքումյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am