Արդարադատության նախարարությունը հերքում է. նախարար Հարությունյանի պատասխանը վերաբերել է այլ հարցի

Armenpress 19:02, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել «Armtimes.com» կայքում 2018 թվականի մարտի 21-ին հրապարակված «Արդարադատության նախարարն այսօր առաջին հարվածը հասցրեց ՍԴ նորաթուխ նախագահին» վերտառությամբ հրապարակման և «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում տեղ գտած «Ով ասել է՝ ճիշտ չի ասել» հոդվածների առնչությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է.

«Armtimes.com» կայքում 2018 թվականի մարտի 21-ին հրապարակված «Արդարադատության նախարարն այսօր առաջին հարվածը հասցրեց ՍԴ նորաթուխ նախագահին» վերտառությամբ հրապարակման և «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում տեղ գտած «Ով ասել է՝ ճիշտ չի ասել» հոդվածի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.

Կայքի և թերթի հրապարակումներում լրագրողի հարցը և ՀՀ արդարադատության նախարարի պատասխանը շարադրված են հետևյալ կերպ. «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ վարչապետի ընտրությունը բաց քվեարկությամբ անցկացնելու որոշման ժամանակ հաշվի է առնվել Գերմանիայի փորձը, պատասխանել է. «Ոչ, չգիտեմ ով է ասում, բայց ճիշտ չի ասում»:

Մինչդեռ, հարցազրույցի ձայնագրությունում լրագրողի հարցը վերաբերել է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Գերմանիայի մոդելով փոփոխելուն. «Պարոն նախարար, ասում են՝ Գերմանիայի մոդելով են Սահմանադրությունը փոփոխել», ինչին ի պատասխան է եղել ՀՀ արդարադատության նախարարի «Ոչ, չգիտեմ ով է ասում, բայց ճիշտ չի ասում» պատասխանը:

ՀՀ արդարադատության նախարարությունն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ ձևակերպումներն ու, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, պահանջել է «Armtimes.com» կայքում և «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակել վերը նշված հոդվածների հերքումը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am