Ցուցահանդեսներ, համերգներ, պետական կառույցների համակարգված աշխատանք. Հայաստանը պատրաստ է ընդունել իրանցի զբոսաշրջիկներին

Armenpress 14:47, 21 Մարտ, 2018

 ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի Հայաստան մարտի 21-ից, Նովրուզով պայմանավորված, ակնկալվում է Իրանից զբոսաշրջիկների հոսք: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական  կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը նշեց, որ վերջին տարիներին իրանցի զբոսաշրջիկների այցելության դինամիկ աճ կա:

«Նախ ընդհանուր թվերը ներկայացնելով` ասեմ, որ 2007-2017 թվականների ընթացքում մենք ունեցել ենք զբոսաշրջիկների կտրուկ աճ: Կես միլիոն այցելությունից հասել ենք 1.5 մլն-ի: Ինչ վերաբերում է իրանական շուկային, ապա 2017 թվականին Հայաստան է այցելել 220 հազար իրանցի զբոսաշրջիկ: Այս ցուցանիշը 2016 թվականի համեմատ գրանցել է 16 տոկոս աճ»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Գոհար Ալոյանը:

Գոհար Ալոյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջային սեզոնին ընդառաջ 2017 թվականին կազմակերպվել է այցելություն Իրան, տարբեր քաղաքներում Հայաստանը ներկայացվել է որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկիր: Նախորդ տարի դեկտեմբերին կազմակերպվել է իրանցի լրագրողների ճանաչողական այց Հայաստան: Նրանց ներկայացվել է Հայաստանն իր ամբողջ գրավչությամբ:

Տոներին ընդառաջ Զբոսաշրջության պետական կոմիտեն, համագործակցելով Հայաստանի Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ, հրապարակել է տեղեկատվական թերթիկներ, որոնք ուղարկվել են սահման: Ակտիվ համագործակցում են Առողջապահության նախարարությունն ու Ոստիկանությունը, 095 118 118 հեռախոսահամարով գործում է 24-ժամյա «թեժ գիծ», մասնագետները պարսկերեն կպատասխանեն իրանցի զբոսաշրջիկներին հետաքրքրող հարցերին:

Երևանի քաղաքապետարանը ևս ակտիվ նախապատրաստվել է: Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշեց, որ  այս տարին Երևանի համար հոբելյանական է, և սպասվում են բազմաթիվ խոշոր միջոցառումներ: Գարնանային զբոսաշրջության համար առանձնակի կարևորվում է Իրանից զբոսաշրջիկների այցելությունը:

«Ուրախ ենք ողջունել Իրանից Հայաստան եկած զբոսաշրջիկներին: Մենք մշակել ենք համալիր զբոսաշրջային ու մշակութային ծրագիր: Արդեն այսօրվանից մեկնարկում են մի շարք միջոցառումներ: Երևանի քաղաքապետարանը վերջին մի քանի տարիներին գեղեցիկ ավանդույթ է ձևավորել, ըստ որի, Երևանից դեպի կենտրոն տանող հատվածում տեղադրվել են հայերեն, անգլերեն, պարսկերեն «Բարի գալուստ» գրառմամբ վահանակներ»,-ասաց Գևորգ Օրբելյանը:

Դրանից բացի, պարսկերեն համակարգով գործելու է «Երևան սիթի» երկհարկանի ավտոբուսը: Երևանի պատմության թանգարանում կբացվի «Մշակույթների երկխոսություն» ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն իրանական մշակույթի բարձրարժեք ցուցանմուշները: Կամավորության սկզբունքով երիտասարդները քաղաքի կենտրոնական հատվածներում զբոսաշրջիկներին կտրամադրեն տեղեկատվական բուկլետներ, որոնք ներառում են Երևանի քարտեզը,  տեղեկատվություն մշակութային և այլ կառույցների, զբոսաշրջային վայրերի մասին: Տաքսի ծառայությունների «օն լայն» հավելվածների մասին տեղեկատվություն նույնպես ներառված է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am