Զբոսաշրջիկն իր ձեռքով կբացի ծորակն ու գինի կհամտեսի. Հայաստանն ամրապնդում է դիրքը որպես գինու բնօրրան


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջային քարտեզի վրա գինու բնօրրան դիրքավորվող Հայաստանը մի շարք շրջաններ գինեգործական կենտրոնների վերածելու և նոր զբոսաշրջային հոսքեր ներգրավելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Այդ նպատակով «Արենի» խաղողի սորտով քաջածանոթ Վայոց ձորի մարզում իրականացվում է տնայնագործների կարողությունների զարգացման ծրագիր: Արդյունքում առավել քաղաքակիրթ պայմաններում սեփական գինին զբոսաշրջիկներին կներկայացնեն տնայնագործ ֆերմերները կամ վերավաճառողները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ ծրագիրը մշակվել է հիմնադրամի կողմից GIZ-ի աջակցությամբ, իրականացնում է «Երիտասարդ գինեգործների միավորումը»: «Շահառուներին խորհրդատվություն է տրվում խաղողի մշակությունից մինչև շշալից: Տարաներն էլ հասարակ շշեր չեն, այլ գինիների համար նախատեսված ծորակով տուփեր, որոնք ավելի ներկայանալի կդարձնեն արտադրանքը: Ցանկանում ենք վերացնել ճանապարհների եզրին կոկա-կոլայի շշերով գինին մատուցելու սովորույթը: Դա նաև կօգնի նրանց ավելի երկար պահպանել իրենց գինին և գրավել զբոսաշրջիկին: Այս նպատակով նրանց համար նաև համտեսի տաղավարներ են պատրաստվում»,-տեղեկացրեց Զարուհի Մուրադյանը:

Աշխատանքները սկսել են 60 տնայնագործների հետ, այցելել են նրանց տնտեսություններ, գնահատել են առկա հնարավորությունները, որից հետո ընտրել են 17 ֆերմերի, որոնց հետ շարունակում են աշխատանքները: Կազմակերպիչները նպատակ ունեն տնայնագործին ցույց տալ, որ իր տանը խաղող մշակելը եկամտաբեր է և հնարավոր է այն փոքր ու միջին բիզնես դարձնել: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2019-ին:

Հաջորդ փուլով էլ նախատեսում են միջազգային կառույցների աջակցությամբ ընտրված հինգ տնտեսությունները վերածել հյուրատների, որպեսզի զբոսաշրջիկը սեփական փորձով մասնակից դառնա գինու արտադրության բոլոր գործընթացներին: «Բացի այն, որ շատ հետարքրքիր շրջան է, նաև տարանցիկ ուղի է դեպի Արցախ ու Տաթև, ու քանի որ ճանապարհը երկար է, զբոսաշրջիկները գիշերակացի, հանգստանալու հնարավորություն կունենան»,-նշեց հիմնադրամի տնօրենը:

Նրա խոսքով` ծրագրում են Վայոց ձորից հետո նույն աշխատանքներն իրականացնել նաև Տավուշում, որը ևս հայտնի է գինու արտադրության հարուստ ավանդություններով: Այս իմաստով ներուժ ունի նաև Արագածոտնը, որն ակտիվ զարգանում է այնտեղ գինեգործարաններ հիմնած ընկերությունների շնորհիվ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am