Մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

Armenpress 20:38, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 19-ին մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական երկու Հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում միջոցառմանը ներգրավված են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

Հավաքի առաջին օրը ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հանդես եկել ելույթով:

Զինված ուժերի ղեկավար կազմի գիտելիքների կատարելագործման համատեքստում կարևորելով ամենամյա հավաքների դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ հանդես է եկել «Ազգ-բանակ  հայեցակարգ. իրավական դաշտ, զինված ուժերի արդիականացման ծրագիր և գործնական ծրագրեր»  թեմայով դասախոսությամբ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ներկայացրել է «Ազգ-բանակ» հայեցակարգի հիմնական թեզերն ու մոտեցումները, առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը:

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխություններին,  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներով պայմանավորված բարեփոխումներին:

Օպերատիվ հավաքներին ներգրավված անձնակազմի հետ հանդիպել և դասախոսություններ են ընթերցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և այլք:

Բանախոսներն անդրադարձ են կատարել ՀՀ տնտեսության ներկա վիճակին և զարգացման առաջնահերթություններին, պետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին, միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին:

Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքների նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններին, զինված ուժերի զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության և ուժային այլ կառույցների միջև փոխգործակցության հարցերը, ինչպես նաև մասնագիտական հավաք-պարապմունքների միջոցով կատարելագործել սպաների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի, զորքերի կառավարման բնագավառներում, ձևավորել միասնական պատկերացումներ բանակի մարտունակության և պետության պաշտպանունակության շարունակական բարձրացման հարցերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am