Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական են գնահատել խղճի ազատության մասին ՀՀ օրենքի նոր նախագիծը

Armenpress 20:34, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական գնահատական է տվել Հայաստանում «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների» մասին նոր օրենքի նախագծին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպայի խորհրդի լրատվական ծառայությունից:

Եվրոպական կառույցները նոր օրենքի նախագիծը համարել են դրական փոփոխություն «կրոնական ու խղճի ազատության հարցերով օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով»:

Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ողջունել են այն հանգամանքը, որ օրենքի նախագծում երաշխավորվում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև յուրաքանչյուր անձի խղճի և կրոնի ազատությունը, ինչպես նաև կրոնը փոխելու ազատությունը:

Կառույցների համատեղ կարծիքում նշվում է, որ օրենքը վերահաստատում է Սահմանադրությամբ ամրագրված Հայ առաքելական սուրբ եկեղեցու «բացառիկ առաքելությունը»: Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը միաժամանակ կոչ են անում երաշխավորել, որ Հայ առաքելական եկեղեցուն տրամադրված արտոնություններն օբյեկտիվորեն արդարացված են և խտրականություն չեն առաջացնում:

Օրենքի նախագծի վերաբերյալ զեկույցն ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am