Տարբերվող աղջկա ասեղնագործած աշխատանքները «Թելիկ-Մելիկ» հավաքածուում

Armenpress 22:30, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ժամանցային վայրերից մեկում՝ Տերյան մշակութային կենտրոնը մարտի 19-ին ներկայացրեց «Թելիկ-Մելիկ» նորընծա հավաքածուն: Ներկայացվող հագուստների վրա օգտագործվել են մի շատ անսովոր աղջնակի ասեղնագործական աշխատանքները: Աղջիկը մտավոր զարգացվածության խնդիր ունի, ուստի և ծնողների, և դիզայներ Լիլիթ Մելիքյանի խնդրանքով նրան ուղղակի արտասովոր աղջիկ են անվանում:

«Արմենպրես լայֆի»-ի հետ զրույցում «Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանը նշեց, որ հավաքածուն սոցիալական կարևոր գործառույթ ունի: Այն ցույց է տալիս, թե ինչպես պետք է հասարակության մեջ ինտեգրման խնդիր ունեցող մարդկանց հետ աշխատել, նրանց ունակություններն ավելի շահավետ դարձնել։

«Իմ եւ Մարգարիտայի հանդիպումը պատահական չի եղել: Նա սովորում է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում, որտեղ դասավանդում է մեր ասեղնագործության մասնագետ Լուսինեն: Երբ Լուսինեն առաջին անգամ ցույց տվեց Մարգարիտայի աշխատանքները, որոնք պարզապես կտորի վրա ասեղնագործած նախշեր էին, միանգամից առաջացավ միտք, որ Մարգարիտան պետք է լինի Տերյան կենտրոնի լիիրավ անդամ ու աշխատակից: Այն ինչ-որ այսօր տեսնում եք, արժանի է բարձր գնահատականի»,- ասաց Լիլիթը:

Դիզայները դիտարկեց, որ «Թելիկ-Մելիկ» հավաքածուն իր տեսակով յուրօրինակ է եւ չկրկնվող: «Հավաքածուն ստեղծվել է առանց որեւէ կանոնների եւ տենդեցների: Այն ժամանակակից երիտասարդական հավաքածու է, որտեղ կա մի աղջնակի մտածելակերպ: Ստացված հասույթի մի մասը տրամադրելու ենք Մարգարիտային»,- նշեց նա:

Ցուցադրությանը ներկայացված էր 21 զգեստ: Հագուստի ձեւվածքները Լիլիթն է արել: «Հագուստները ջինսե կտորից են: Կարծում եմ՝ ջինսը երիտասարդության շրջանում արդիական է: Սովորաբար, որեւէ տենդեցների չեմ հետեւում: Ստեղծում եմ այն, ինչ դուր է գալիս: Այս հավաքածուն էլ բացառություն չէ»,- ավելացրեց նա:

Մարգարիտան 23 տարեկան է: Նրա երազանքներից մեկը ճանաչված դիզայներ դառնալ է: Աղջկա խոսքով՝ երբ իմացավ, որ պետք է համագործակցի Տերյան մշակութային կենտրոն հետ շատ է ուրախացել: «Դուրս գալիս է: Անընդհատ գործում եմ: Լիլիթին շատ եմ սիրում, ուրախ եմ, որ իրենց հետ աշխատելու եմ»,- եզրափակեց Մարգարիտան:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am