Հոքինգը մահվանից մի քանի օր առաջ հասցրեց ավարտել իր վերջին գիտական աշխատությունը. The Times

Armenpress 16:49, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը մահվանից ընդամենը մի քանի օր առաջ հասցրեց ավարտել աշխատանքը իր վերջին գիտական հոդվածի վրա: Այդ մասին, ինչպես մարտի 19-ին հայտնել Է The Times թերթը, պատմել Է աշխատության համահեղինակ՝ Բելգիայում գտնվող Լյովենի կաթոլիկական համալսարանի պրոֆեսոր Թոմաս Հերթոխը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոքինգի վերջին հոդվածում ներկայացված են մաթեմատիկական հաշվարկներ, որոնք օգտագործելով, գիտնականի մտահղացմամբ, կարելի Է փորձարարական ճանապարհով ապացուցել այսպես կոչված մուլտիտիեզերքի, այսինքն՝ զուգահեռաբար գոյություն ունեցող բազմաթիվ տիեզերքների մասին վարկածը: Եթե այդ հաշվարկները հաստատող վկայությունները հայտնաբերվեին գիտնականի կյանքի օրոք, նա միանգամայն վերջապես կարող Էր արժանանալ Նոբելյան մրցանակի, նշում Է The Times-ը:

Սթիվեն Հոքինգը մահացել Է մարտի 14-ին 76 տարեկան հասակում: Նա ծնվել Է 1942 թվականի հունվարի 8-ին Օքսֆորդում: 1963 թվականին նրան ախտորոշել են ամիոտրոֆիկ սկլերոզ: Եվս 22 տարի անց՝ թոքաբորբից հետո, գիտնականը ենթարկվել Է շնչափողահատման, ինչի հետեւանքով կորցրել Է խոսելու ունակությունը եւ սկսել Է օգտվել խոսքի սինթեզատորից: Սակայն ծանր հիվանդությունը Հոքինգին չխանգարեց դառնալու արդիականության ամենահայտնի տեսաբան-ֆիզիկոսներից մեկը:

Հոքինգի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը տիեզերաբանությունն Է եւ քվանտային գրավիտացիան, նա շատ ժամանակ Է նվիրել սեւ անցքերի ուսումնասիրմանը: Սթիվեն Հոքինգը բազմաթիվ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ Է, ներառյալ «Ժամանակի համառոտ պատմություն», «Սեւ անցքերը եւ երիտասարդ տիեզերքները», «Աշխարհն ընկույզի կճեպի մեջ» գործերը եւ այլ գրքեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am