1000х90.jpg (78 KB)

Թե ինչպես արարատցի որսկանն այլեւս չզբաղվեց իր սիրած զբաղմունքով, երբ նրա դիմաց դուրս եկավ վարազը

Armenpress 19:24, 17 Մարտ, 2018

ԱՐՏԱՇԱՏ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատցի դիպուկ որսկանը թողեց իր սիրած զբաղմունքը, երբ մի դիպված շրջադարձային կերպով փոխեց նրա կյանքը: Արարատցի Գեղամ Հարությունյանը պատմում է, որ երբ 30 տարեկան էր՝ բնության ու որսի սիրահար, նրա գնդակը երբեք չէր վրիպում: «Հերթական անգամ գիշերով բեռնատարին լուսարձակներ ամրացրինք ու դուրս եկանք որսի:

Ես հարմար տեղավորվել էի թափքի մեջ: Մարզի արոտավայրերում գտնվող Դարբանդ կոչվող վայրում մի հարթ տարածության վրա մեքենան կանգնեցրինք: Բոլորս սպասում էինք որսի: Հանկարծ լսվեց անտառի խշշոցը: Տղաները միացրին լուսարձակները, մութը ցրվելով՝ գիշերը դարձրեց թափանցիկ ցերեկ: Ես երկփողանի հրացանս հենելով թափքին՝ բերեցի մարտական վիճակի, եւ ուղիղ պահեցի անտառից եկող խոճկորների վրա, որոնք, մայր խոզի ուղեկցությամբ կտրելով ճանապարհը, ուզում էին մտնել ձորը:

Այնքան մոտիկ էին խոճկորները եւ կրակելու պատրաստ երկփողանի հրացանս, որ մայր խոզը նկատելով այդ, մարդու նման կանգնեց երկու թաթերի վրա ուղիղ ինձ դեմ հանդիման: Առջեւի թաթերը տարածելով օդում նա մի այնպիսի աղեկտուր ոռնոց արձակեց, որ մթության մեջ սարերն ու ձորերն արձագանքեցին: Իմ ձեռքերը դողացին: Հրացանս վայր գցեցի… Այդ ոռնոցի մեջ այնքան մայրական խնդրանք ու աղաչանք կար, որ ես խնդրեցի տղաներին մարել լույսերը եւ բռնել ետդարձի ճանապարհը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տարիների հեռվից վերհիշեց 65-ամյա Գեղամ Հարությունյանը:

Վարազն ու խոճկորներն անցան հետ՝ դեպի ձորը… Այդ օրվանից դիպուկ որսկանը թողեց որսը: ,Այլեւս երբեւէ չզբաղվեցի որսով, սակայն պատկերն այդ ինձ հանգիստ չի տալիս մինչեւ հիմա: Ականջիս մեջ զրնգում է վայրի կենդանու մայրական ճիչն ու աղերսանքըե,- նշում է նա:

Լիլիթ Մաճկալյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am