Գլխավոր դատախազությունը պարզաբանել է, թե ինչ է կառուցվում գլխավոր մասնաշենքի վերնահարկում

Armenpress 18:34, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության գլխավոր մասնաշենքում վերնահարկի վերակառուցման հիմնական նպատակը հարակից շենքերի շղթայում բարձրության և արտաքին տեսքի հետ կապված ներդաշնակության և ճարտարապետական ընդհանուր կառուցվածքի վերականգնումն է: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: Հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան-շենքի վերակառուցումը ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով իրականացվում է դեռևս 2016թ. հունիսի 23-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունված որոշման հիման վրա: «Վերակառուցման նախագիծը հաստատված է Երևանի քաղաքապետարանի «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի կողմից, իսկ նախագծային առաջադրանքը և նախագծահետազոտական աշխատանքները, օրենսդրությամբ սահմանված կարգով, նախապես համաձայնեցվել են ինչպես ՀՀ մշակույթի, այնպես էլ ՀՀ առողջապահության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ»,-տեղեկացրին դատախազությունից:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը մարտի 16-ին ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել ու կատարել այսպիսի գրառում. «Մի «գյուղ» էլ գլխավոր դատախազության տանիքում կլինի։ Փաստորեն, Երևանում չպետք է մնա գեթ մի շենք, որի վրա գոնե մեկ հարկ չեն բարձրացել»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am