1000х90.jpg (78 KB)

«Լիդիան Արմենիան» համատեղ ուսումնավարժանք է անցկացրել Արտակարգ իրավիճակների նախարարության հետ

Armenpress 17:15, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիդիան Արմենիա» ընկերությունը հատուկ նշանակություն է տալիս ընկերության գործունեության բոլոր փուլերում և ոլորտներում ռիսկերի կանխարգելմանը և արդյունավետ կառավարմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, սա վերաբերում է ոչ միայն բնապահպանական կառավարմանը, այլ նաև աշխատանքային անվտանգությանը: Արտակարգ իրավիճակների կանխարգելումը և անհրաժեշտության դեպքում՝ արագ և պրոֆեսիոնալ արձագանքումը նվազեցնում է ռիսկերը և մեղացնում հնարավոր հետևանքները:

Հենց այս նպատակով ընկերությունը ստեղծել է իր աշխատակիցներից բաղկացած արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբ, որը 150 ժամ հատուկ պատրաստության դասընթացներ է անցել ՀՀ ԱԻՆ մասնագետների օգնությամբ: Խմբի 11 անդամներից 5-ը Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ են և ձեռք բերված հմտությունները անհրաժեշտության դեպքում կարող են կիրառել ոչ միայն Ամուլսարի ծրագրում, այլև իրենց համայնքներում:

ԱԻՆ դասընթացների վերջնական փուլը համատեղ ուսումնական վարժանքն էր, որն անցկացվեց մարտի 16-ին, Ջերմուկ քաղաքում: «Լիդիան Արմենիայի» Արագ արձագանքման խմբի անդամներն՝ ԱԻՆ աշխատակիցների հետ համատեղ, իրականին մոտ պայմաններում հաջողությամբ կատարեցին մի քանի գործողություն․ տուժածների տարհանում հրդեհի վայրից, տարհանում ավտոմեքենայի վթարի վայրից և առաջին բուժօգնության ցուցաբերում:

ՀՀ ԱԻՆ բուժծառայության պետ գնդապետ Կարեն Աթոյանը կարևորեց «Լիդիան Արմենիայի» նման պատասխանատու մոտեցումը և ԱԻՆ օգնությամբ իր աշխատակիցների պրոֆեսիոնալ վերապատրաստումը: Լավ պատրաստված թիմը տեղում կարող է զգալիորեն նվազեցնել անցանկալի հետևանքների հավանականությունը՝ ցանկացած արտակարգ իրավիճակում:

Խումբը պատրաստ է անհրաժեշտության դեպքում արագ և արդյունավետ արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի՝ ոչ միայն Ամուլսարի հանքավայրի տարածքում, այլև ԱԻՆ համար օժանդակ ուժ հանդիսանալ տարածաշրջանում արտակարգ իրավիճակների դեպքում: 2017 թվականի ամռանը Արտավանի անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ակտիվ մասնակցեցին նաև «Լիդիան Արմենիայի» Արագ արձագանքման խմբի անդամները, ինչը զգալիորեն նպաստեց հրդեհի արագ լոկալիզացիային:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am