1000х90.jpg (78 KB)

Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող լիբանանցի գործարարների թիվը մեծ է. Հակոբ Բագրատունի

Armenpress 09:18, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Լիբանան հարաբերություններում վերջին շրջանում բավական ակտիվություն է նկատվում: Փետրվարին Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան, օրերս Լիբանանում եղավ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին դա պատահական չի համարում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ Լիբանանի ու Հայաստանի ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, ներկայում նոր ազդակ է հաղորդվում երկու երկրների հարաբերություններին:

Խոսելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝  Լիբանան կատարած այցից, Հակոբ Բագրատունին նշեց, որ այն շատ կարևոր է տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցությանն ակտիվություն հաղորդելու գործում:

«Վերջին շրջանում Լիբանան-Հայաստան հարաբերությունների ակտիվությամբ վերահաստատվում են երկու ժողովուրդների պատմական հարաբերությունները: Երկու կողմերի մոտ մատնանշվում է միասին գործակցելու նախանձախնդրությունը: Հիմնականում իրականացվում են քննարկումներ տնտեսության ոլորտում հավելյալ աշխատանքի ուղղությամբ: Մասնավորապես, առանձնացվում են զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները»,-ասաց Հակոբ Բագրատունին:

Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորը նշեց, որ վարչապետի այցելության շրջանակում  ընդգծվեցին ներդրումային ծրագրերի հետ կապված, ինչպես նաև լիբանանցի և հայաստանցի գործարարների հարաբերությունների փոխշահավետ գործակցությանը վերաբերող հարցերը: Այստեղ նա կարևորեց Հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծման պայմանավորվածությունը, որը հնչեցվեց վարչապետի՝ Լիբանան կատարած այցի շրջանակում: Հակոբ Բագրատունին նկատեց, որ Լիբանանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին է և առաջիկա օրերին, դժվար թե, գործնական քայլեր լինեն, սակայն նշեց, որ երկու երկրների համատեղ աշխատանքին նոր թափ հաղորդելու պարարտ հողը ստեղծված է:

«Իհարկե, դեռ վաղ է կոնկրետ գործողությունների մասին խոսելը, սակայն այս փուլում հստակ կարող ենք ասել, որ պարարտ հողն ապահովված է: Այդ առիթը պետք է բաց չթողնել ու թիրախային աշխատանք տանել բոլոր ուղղություններով, այսինքն՝ աշխատել կոնկրետ գործարարների հետ, մանրամասն, ներկայացնել Հայաստանում գործարար միջավայրի հետ կապված, ներդրումային ծրագրերին վերաբերող հարցերը: Հայաստանի հետ աշխատելու քարոզչությունը պետք է զանգվածային արվի: Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող լիբանանցի գործարարների թիվ մեծ է, սակայն միաժամանակ Լիբանանն ակնկալում է, որ հայաստանցի գործարարներն այնտեղ ևս ներդրումներ անեն»,-ասաց Հակոբ Բագրատունին:

Լիբանանահայ պատգամավորն այս գործընթացում հայ համայնքի կառույցներին ակտիվորեն ներգրավելն անհրաժեշտ է համարում:

«Վարչապետի օրակարգը բավական հագեցած էր, ցավոք, ժամանակ չգտնվեց հայ համայնքի մեծ թվով ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու, առկա հարցերը քննարկելու համար: Ինչպես տեսնում եք Հայաստան-Լիբանան հարաբերություններին նոր թափ հաղորդելու առիթը կա, և շատ կարևոր կլինի, եթե այդ գործում Լիբանանի հայությունը, գործող հայկական կառույցները ևս ներգրավվեն, բոլորս էլ պատրաստ ենք այդ աշխատանքն անելու»,-հավելեց նա:

Լիբանանի նախագահ Միշել Աունը փետրվարի 21-ին այցելեց Հայաստան: Հայաստանում Աունը հանդիպեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Քննարկվեցին տնտեսական և քաղաքական համագործակցությանն առնչվող  հարցեր, ինչպես նաև խոսվեց այն հնարավոր ուղիների մասին, որոնք կօգնեն առաջ մղելու տնտեսական փոխգործակցությունն ու ամրապնդելու դիվանագիտական հարաբերությունները:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին երկօրյա պաշտոնական այցով եղավ Լիբանանում: Այցի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպումներ ունեցավ Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։ Կարեն Կարապետյանը հանդիպեց նաև Լիբանանի գործարար շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am