ՀՀ ԱԺ հանձնաժողովն ընդունել է հրավառության նյութերը բացառապես իրավաբանական անձանց վաճառելու առաջարկը

Armenpress 21:59, 16 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում հրավառությունների կարգավորմանն ուղղված 2-րդ ընթերցմանը ներկայացվող նախագծերի քննարկման ժամանակ ընդունվել է «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի առաջարկը, որով հրավառության նյութեր կվաճառվեն բացառապես իրավաբանական անձանց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց պատգամավոր Լենա Նազարյանը։

«Սա նշանակում է, որ հրավառության նյութեր վաճառողներին կարգելվի ֆիզիկական անձանց վաճառել հրավառության պարագաներ, իսկ խնջույքներ կազմակերպող իրավաբանական անձինք հրավառությունանելու նյութերը կգնեն միայն համայնքի կողմից տրված տարեկան թույլտվության հիման վրա ևհրավառությունը կիրականացնեն իրենց մասնավոր տարածքում՝ օրվա հստակ սահմանված ժամին:

Առանց թույլտվության հրավառության նյութի վաճառքը վաճառողի համար կառաջացնի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի չափով: Հրավառություն իրականացնելու թույլտվության վճարի չափը կորոշի ամեն համայնքի ավագանին: Միևնույն ժամանակ, թույլտվության վճարը պետք է լինի տարեկան 50.000-300.000 ՀՀ դրամի սահմաններում:

Առանց թույլտվության հրավառություն իրականացնողը կտուգանվի առաջին դեպքի համար 300 հազարից 1մլն ՀՀ դրամով, երկրորդ անգամ՝ 1 մլն 300 հազարից 2 մլն դրամով:

Հուսով եմ, որ այս սահմանափակումները ինչ-որ չափով կօգնեն պահպանել քաղաքացիների երեկոյան և գիշերային հանգիստը: Հրավառությունների կարգավորմանն ուղղված նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ կընդունվի ԱԺ-ի առաջիկա հերթական լիագումար նիստերի ժամանակ»,- նշել է պատգամավորը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am