Ես ձեր թշնամին չեմ, դուք իմ թշնամին չեք. արցախցի երեխաների պատասխանն իրենց ադրբեջանցի հասակակիցներին

Armenpress 18:14, 16 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուշագրավ տեսանյութ է պատրաստել, որով պատասխանել է օրերս սոցիալական ցանցերում  տարածված տեսանյութին, որում ակնհայտ երևում էր, թե ինչպես են ադրբեջանական դպրոցներից մեկում երեխաներին հայերի նկատմամբ ատելություն քարոզում և սովորեցնում, որ հայերը իրենց թշնամիներն են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատրաստած տեսանյութը ի ցույց է դնում, թե ինչպիսին է իրավիճակը  շփման գծի հակառակ կողմում:

Տեսանյութում արցախցի մանուկներին տալիս են նույն հարցը` «ովքե՞ր են ձեր թշնամիները», որին երեխաները տալիս են անմեղ պատասխաններ` մուլտֆիլմերի հերոսների անուններ: Երեխաներից մեկը իրեն թշնամի է համարում «Սարդ մարդուն», մյուսը՝ վիշապին, իսկ մանուկներից  մեկին դուր չի գալիս Մաշան, ով անընդհատ տանջում է արջուկին՝ «Մաշան և արջուկը» մուլտսերիալից: Մի խումբ երեխաներ էլ պատասխանում են, որ ընդհանրապես թշնամիներ չունեն:

Տեսանյութում Արցախի ՄԻՊ-ը ուշադրություն է սևեռել նաև ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի վայրագություններին` մտահոգություն հնչեցնելով, որ Ադրբեջանի կողմից քարոզչական գործիք դարձած այդ երեխաներն իրենց մոտ առկա ատելությունն ինչպե՞ս պիտի վերացնեն:

Տեսանյութի վերջում արցախցի մանուկները դիմում են Ադրբեջանի իրենց հասակակիցներին հետևյալ խոսքերով՝ «դուք իմ թշնամին չեք», «ես ձեր թշնամին չեմ»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am