Իտալահայ քանդակագործ Նվարդ Զարյանի ծննդյան հոբելյանը նշվեց գեղեցիկ և ընդգրկուն ցուցահանդեսով

Armenpress 17:50, 16 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկարչուհի, քանդակագործ Նվարդ Զարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված է 18 քանդակ, Մինաս Ավետիսյանի վրձնին պատկանող Կոստան Զարյանի դիմանկարը, 11   գեղարվեստական աշխատանք, որից տասը տրամադրել է Նվարդ Զարյանի եղբորորդի Արա Զարյանը: Ցուցահանդեսի բացման արարողությանը, որը տեղի ունեցավ մարտի 16-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, հոլովակով ներկայացվեց նաև նկարչուհու մասին պատմող հարուստ արխիվային նյութ:

«Որոշեցինք Նվարդ Զարյանի 100-ամյակը հետաքրքիր, գողտրիկ ցուցահանդեսով նշել, որտեղ կարող եք տեսնել նրա նաև գրաֆիկական աշխատանքները: Դրանք այնքան լավն են, որ մտածում ես առաջինն այդ գործերը դիտել, թե՞ քանդակները: Շատ կցանկանամ, որ այդ ստեղծագործությունները համալրեն պատկերասրահի հավաքածուն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Ցուցահանդեսի համադրող Անահիտ Մարգարյանի խոսքով` ցուցահանդեսն անցկացվում է գարնանը, քանի որ, ինչպես ասել է իտալացի արվեստագետներից մեկը, Նվարդ Զարյանը գեղեցկագույն անուն, Նվարդ, նոր վարդ, գարնանային վարդ, որը քայլում է իր հնագույն ժողովրդի ժառանգած ճանապարհով:

«Նվարդ Զարյանն աշխատել է տարբեր նյութերով` քար, ցեմենտ, բետոն, երկաթ դրանց  կտորտանքներից ստացել կանանց ֆիգուրներ: Իտալացի քննադատներից մեկն ասել է, որ նա կնոջ դժվարին ճակատագրի երգիչ է եղել, կին, որն  արժանապատվությամբ է տարել դա»,-ընդգծեց Մարգարյանը:

Արա Զարյանը խոստովանեց, որ բախտ չի ունեցել հաճախ առնչվել Նվարդ Զարյանին: «Երբեմն ընտանիքներով հավաքվում էինք Եվրոպայում, հետո հայրս որոշեց վերահաստատվել Հայաստանում, դրանից հետո երկու անգամ եմ տեսել նրան, երբ եկել է Հայաստան և ցուցահանդես ունեցել այստեղ»,-նշեց Զարյանը:

Իտալիայում լայն ճանաչում ստացած քանդակագործ Նվարդ Զարյանը (1917-2005) ծնվել է Ֆլորենցիայում, հայ մեծանուն գրող Կոստան Զարյանի և դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանի ընտանիքում: Վաղ մանկության տարիներին կարճ ժամանակով ապրել է Հայաստանում: Երկար տարիներ բնակվել է Իտալիայում: Նվարդ Զարյանը մասնագիտական կրթությունը ստացել է Միլանի, Վենետիկի և Հռոմի Գեղարվեստի ակադեմիաներում, ուսանել է նշանավոր քանդակագործներ Վիլդտին և Ձանելլիին: Արվեստագետի բազմաթիվ գործեր պահվում են տարբեր երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Իտալացի հայտնի արվեստաբան Մարչելլո Վենտուրոլին Նվարդ Զարյանի մասին գրում է. «Իսկապես, անշունչ զանգվածն ու ռիթմիկ գծերը, կշիռն ու լույսը, պլաստիկական համադրումն ու գծային վերլուծությունը, ինչպես նաև գրաֆիկան միահյուսվում են եզակի հավասարակշռությամբ, ինչը վկայում է տեխնիցիզմի և ձևական միջոցների բացակայության մասին: Նվարդ Զարյանն ունի ինքնուրույն լեզու, նյութի և չափերի խոր ըմբռնում»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am