1000х90.jpg (78 KB)

Պատմության խոսուն վկաները. Հայկական արծնագործության բացառիկ նմուշը` Արծրունիների գավաթը

Armenpress 09:47, 16 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական լեռնաշխարհում արծաթագործությունը հայտնի է հնագույն ժամանակներից: Այդ են վկայում Քարաշամբից, Վանաձորից, Լճաշենից, Լոռի Բերդից և այլ հնավայրերից պեղված ոսկյա, արծաթյա բարձրարժեք գտածոները:

Հետագա դարերում հայկական արծաթագործության ավանդույթները հարստացվեցին նոր ձևերով և բովանդակությամբ: Հայ վարպետները սերնդեսերունդ փոխանցելով իրենց մասնագիտական հմտությունները, փոխառելով նաև հարևան ժողովուրդների փորձը՝ զարգացրեցին և կատարման բարձր մակարդակի հասցրեցին հայկական ոսկերչությունն ու արծաթագործությունը:

Արծրունիների տոհմին պատկանող արծաթյա նրբագեղ գավաթը թվագրվում է 1820թ., պատրաստվել է Հին Բայազետում: Հայ վարպետի նրբաճաշակ այս ստեղծագործությունը աչքի է ընկնում կատարման մեծ վարպետությամբ և բացառիկ գեղեցկությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանը, ներկայացնելով գավաթը,  ասաց, որ այն լայնաբերան է, նեղ հատակով, նստուկով, բաղկացած է գավաթից և գավաթակալից: Պատրաստված է արծաթից, ներսից ոսկեջրած է: «Կիրառված են ձուլման, ֆիլիգրանի (ցանցկեն), արծնապատման և փորագրման եղանակները: Գավաթակալն ամբողջությամբ հարդարված է բուսական զարդանախշերով, ունի զարդարուն օղակաձև նստուկ: Իրանի ցանցկեն հարդարանքի վերադիր նախշերը պատված են երկնագույն, վարդագույն, կանաչ և դեղին արծնով (էմալ)՝ միջնորմված արծնապատման եղանակով: Հատակի արտաքին կողմում վարդյականման զարդանախշ է, մեջտեղում պտուտակաձև ելուստով: Հնարավոր է գավաթը ունեցել է ոտք, որը չի պահպանվել»,-նշեց նա:

Գավաթի շրթեզրը բոլորված է մեկ տողանոց արձանագրությամբ. «Ի ՎԱՅԵԼ(ՈՒՄ)Ս ԱՂԱՅ ՅԱԿՈԲ  ՆԱՒԱՍԱՐԴԵ(Ա)Ն ԱՐԾՐՈԻՆՈՅՆ ՀՈԳԵԿԻՑ ԵՂԲՕՐԴ ԻՄ(Ո)Յ  ԸՆԾԱՅԵ(Ա)Լ Ի ԳՐԻԳՈՐ ԱՐՔԵՊ(Ի)Ս(ԿՈՊՈՍ)Է Տ(Է)Ր ԳԱՍՊԱՐԵ(Ա)Ն Ի ՆՇԱՆ ՍԻՐՈՅ. 1820»:

Կարապետյանի խոսքով`Արծրունիներին պատկանող այս գավաթը ոչ միայն արծաթագործության բարձրարժեք գործ է, այլև հայկական արծնագործության բացառիկ նմուշ: «Արծնագործությունը ոսկերչական և արծաթագործական արվեստի զարդապատման և գունապատման գլխավոր ճյուղերից մեկն է: Արծնի թափանցիկ հիմնանյութը բաղկացած է ապակու, կապարի և կալիումի խառնուրդներից, որը խառնելով մետաղների օքսիդների հետ ստացվում է տարբեր գույների արծներ»,-ասաց նա, հավելելով, որ հայկական արծնագործության հնագույն նմուշները թվագրվում են XVII դարով, սակայն չի բացառվում ավելի հին նմուշների գոյության հավանականությունը, քանի որ առկա նմուշները արված են մեծ վարպետությամբ և չէին կարող հիմնված չլինել առավել հին ավանդույթների վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am