ԱՄՆ-ն իր ուրույն մոտեցումն ունի Արցախի նկատմամբ. Շավարշ Քոչարյան
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը դե ֆակտո անկախ պետություն է, վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը, բնական է, սահամանափակ է, քանի դեռ չկա միջազգային ճանաչում:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցի շուրջ Ադրբեջանում առաջացած աղմուկին: «Ամեն դեպքում այցը չափազանց կարեւոր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է փաստին, որ Ադրբեջանը օրերս բողոքի նոտա էր հղել ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանի այցելության վերաբերյալ, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Դե բնական է, պետք է բողոքեր, բա ի՞նչ պետք է աներ»:
Դիտարկմանը, թե Արցախի նախագահին ՌԴ-ում կամ ՀԱՊԿ երկրներում չեն ընդունում նման մակարդակով, ինչո՞վ է դա պայմանավորված, ԱԳ փոխնախարարն ասաց. «Ամերիկան այդ տեսակետից իր ուրույն մոտեցումն ունի: Դա արտահայտվում է այն հանգամանքով, որ Արցախին իրենց կողմից համապատասխան օգնություն է հատկացվում, որը բյուջեով է հաստատվում: Այդ տեսակետից ԱՄՆ-ը առանձնահատուկ է: Դա նշանակում է, որ Ամերիկան, ընդհանուր առմամբ, շատ ավելի բազմաշերտ, բազմազան մոտեցում ունի արտաքին հարաբերություններում, ինչը պայմանավորված է նաեւ Կոնգրեսի ինքնուրույնությամբ, որ Կոնգրեսում կարող են այնպիսի մտքեր արտահայտել, որոնք շատ հաճախ չեն համընկնում Սպիտակ տան հետ, եւ ինչ-որ չափով ազդել քաղաքականության վրա: Այդ առումով ԱՄՆ-ն ավելի ճկուն է»:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, այցելել է Կոնգրես և ունեցել հանդիպումներ:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը