1000х90.jpg (78 KB)

Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում երթևեկության կազմակերպումը կփոփոխվի

Armenpress 18:01, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայի Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի հատվածում՝ Թումանյան փողոցից դեպի Սայաթ-Նովա պողոտա երթևեկության ուղղության տեղամասում, կավելացվի ևս մեկ երթևեկելի գոտի, որի շնորհիվ աջ եզրային 1-ին գոտիով աջ սեկցիայի միջոցով կկազմակերպվի անընդհատ երթևեկություն աջ ուղղությամբ դեպի Սայաթ-Նովայի պողոտա, իսկ 2-րդ (միայն ուղիղ), 3-րդ (ուղիղ և ձախ) և 4-րդ (միայն ձախ) գոտիներով երթևեկությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշանների միջոցով՝ ինչպես նախկինում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, աջ եզրային 1-ին գոտիով անընդհատ դեպի Սայաթ-Նովայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք լինել առավել ուշադիր և ճանապարհը զիջել Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաները հատող հետիոտներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am