Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի անդամներին

Armenpress 15:41, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի անդամներին եւ նրանց ուղեկցող անձանց:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ-ի գործունեությունը եւ կարեւորել կազմակերպության շրջանակներում համագործակցության խորացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ միջխորհրդարանական համագործակցությունը լավ հարթակ է նորանկախ պետությունների համար՝ զարգացնելու ընդհանուր անցյալ ունեցող երկրների հետ հարաբերությունները՝ չկորցնելով ձեռքբերումները:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովին՝ ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ նիստի անցկացման լավագույն պայմանների ապահովման համար՝ Վիոլետա Իվանովը նշել է, որ նիստի անցկացումը Երեւանում գնահատելի է ոչ միայն ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման, այլ երկիրն ու նրա քաղաքացիներին առավել լավ ճանաչելու տեսանկյունից:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է նաեւ Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման անցնելու ընթացքը, անդրադարձել ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի առաջիկա երդմնակալությանն ու վարչապետի ընտրության գործընթացին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am