«Ճանապարհ երիտասարդներին» ծրագիրը ստեղծագործողներին մի շարք համերգների մասնակցելու հնարավորություն կտա

Armenpress 13:44, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ճանապարհ երիտասարդներին» ծրագիրը  կատարողներին տարվա ընթացքում 4-6 համերգային ծրագրով հանդես գալու հնարավորություն կընձեռի: Համերգային ծրագրերը կիրականացվեն Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում՝ ազգային կենտրոնի երաժշտախմբերի նվագակցությամբ: Ծրագրի մեկնարկային համերգը տեղի կունենա մարտի 15-ին Կամերային երաժշտության տանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ծրագիրը նախաձեռնել է երիտասարդ երաժիշտների աջակցման և առաջխաղացման նպատակով:

Ազգային կենտրոնը «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի շրջանակում գործակցելու է երաժշտական մասնագիտական կրթօջախների հետ` լսումների արդյունքում ընտրելով խոստումնալից, երիտասարդ կատարողների։  Նրանք նաև հնարավորություն կունենան մասնակցել անվանի երաժիշտների վարպետության դասերի:

Նոր նախագիծը նպաստելու է տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների բացահայտմանը և կատարելագործմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով: Ծրագիրը խթանելու է ոլորտի զարգացումը և նպաստելու է դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am