Արմավիրի դատախազության առաջնային խնդիրներից է լինելու կոռուպցիայի դեմ պայքարը. Վահե Հովհաննիսյանի հարցազրույցը


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի դատախազությունը շարունակելու է անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ: Ակտիվացվելու են ձեռնարկվող միջոցառումները մարզի տարածքում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ: Մարզում հանցավորության վիճակի, թմրամիջոցների հետ կապված, անչափահասների  հանցագործությունների, 2018 թվականի ծրագրերի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, 2017 թվականին Արմավիրի մարզում հանցագործության քանի՞ դեպք է գրանցվել: Որքա՞ն է կազմում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ նաև համեմատած նախորդ տարիների հետ:

-2017-ին Արմավիրի մարզում արձանագրված վիճակագրական տվյալների, ինչպես նաև հանցավորության շարժընթացի ու կառուցվածքի վերլուծությունը  ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է հանցագործությունների աճ` 69 դեպքով, կամ   5.3%-ով։ Եթե 2016 թ. արձանագրվել է  հանցագործության 1308 դեպք, ապա 2017թ. արձանագրվել է  1377 դեպք:

Հանցագործությունների բացահայտման  ցուցանիշներում արձանագրվել է աճ` 0,6%-ով, բացահայտումը կազմել է  84.3%, նախորդ տարվա 83.7% դիմաց, ինչը 2,2%-ով բարձր է միջին հանրապետական ցուցանիշից: 6.3%-ով աճել են միջին ծանրության և 11,1%-ով առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշները:

-Ո՞ր տեսակի հանցագործություններն են ավելի շատ բնորոշ եղել մարզին և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք նվազեցնելու ուղղությամբ:

 -Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի  հանցավորության շարժընթացի՝ 2 դեպքով կամ 1.1%-ով նվազում է արձանագրվել ծանր (189-187) հանցագործությունների դեպքերի շարժընթացում: 3  դեպքով կամ 27.3%-ով (11-14)  աճ է արձանագրվել առանձնապես ծանր և 35 դեպքով կամ 12%-ով՝ (292-327)  միջին ծանրության հանցագործությունների դեպքերի շարժընթացում: Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների   դեպքերի շարժընթացում տեղաշարժ չի արձանագրվել (9-9)։

3 դեպքով (20-17)  կամ 15%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 8 դեպքով (24-16) կամ 33.3%-ով`  սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված  և 1 դեպքով (292-291) կամ 0.3%-ով`  մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքերը: Սպանության և սպանության փորձի դեպքերի շարժընթացում փոփոխություններ չեն արձանագրվել, ինչպես 2016թ, այնպես էլ 2017թ. արձանագրվել են 4-ական դեպքեր:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դինամիկայում  արձանագրվել է աճ` 70 դեպքով կամ՝ 18.8%-ով: Նշված բնույթի հանցատեսակներից  63 դեպքով կամ 188.8%-ով` (336-399) աճ է արձանագրվել  անձնական գույքի հափշտակության դեպքերի շարժընթացում:

Արձանագրված աճին զուգահեռ նվազում է արձանագրվել՝ 1 դեպքով (6-5) անձնական գույքի ավազակության, 1 դեպքով (6-5) յուրացման կամ վատնման, 2 դեպքով (6-4)  տրանսպորտային միջոց փախցնելու և 4 դեպքով (5-1) պետական գույքի յուրացման դեպքերի  դինամիկայում:

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների  դեպքերը աճել են 13%-ով կամ 9 դեպքով (69-78): Չնայած դրան  մտահոգիչ է  այն,  որ այս բնույթի դեպքերի աճը չի արտացոլում դրանց շարժընթացի իրական պատկերը՝ նկատի ունենալով մասնավորապես մարզի բնակլիմայական պայմաններով պայմանավորված հատկապես բուսական ծագում ունեցող թմրամիջոցների (մարիխուանա) տարածվածության հանգամանքը: Ուստի այս հանցատեսակի դեմ  տարվող պայքարի աշխատանքներում լուրջ անելիքներ կան:

Նշված բացասական միտումները, հանցանքի կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար միջնորդագրեր են ուղարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետին, Արմավիրի մարզպետին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավարին,  ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին:

ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում կայացել է օպերատիվ խորհրդակցություն և նշված միջնորդագրի քննարկման արդյունքում վարչության ենթակա տարածքային բաժինների պետերի ուշադրությունը հրավիրվել է Արմավիրի մարզում հանցավորության վիճակի շարժընթացում արձանագրված բացասական միտումները շտկելու, ոստիկանության աշխատանքում տեղ գտած բացթողումներն ու թերացումները վերացնելու, ինչպես նաև հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելուն:

Օրինակ միջնորդագրերից երկուսը վերաբերել են ճանապարհատրանսպորտային պատահարներին, այդ թվում նաև՝ մահվան ելքով: Դրանց քննարկման արդյունքում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ գլխավոր տնօրենի և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի կողմից հայտնվել է, որ 2018-ին Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման ավտոճանապարհին, որտեղ քիչ չեն լինում նման դեպքերը, կիրականացվի դեռևս 2016թ.-ից նախատեսված՝ ճանապարհային նշանների տարաբաշխման, տեղակայման գործընթացը: Միջնորդագիրն ուղարկվել է Մ-5 ավտոճանապարհը շահագործող և սպասարկող ընկերություններին և հանձնարարվել է սեղմ ժամկետում վերացնել արձանագրված թերությունները:

-Արմավիրի մարզի Գայ գյուղի տներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել էր: Դեպքով հարուցվել էր քրեական գործ սպանության և գույք ոչնչացնելու հատկանիշներով: Ներկայումս ի՞նչ փուլում է գտնվում սույն գործը:

 -2018թ. փետրվարի 23-ին, ժամը 07։00-ին, Էջմիածնի հրշեջ փրկարարական ծառայությունից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Գայ գյուղում տուն է այրվում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում  նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06։40-ի սահմաններում, հարևանները նկատել են, որ  հրդեհ է բռնկված  Ռազմիկ Հայրապետյանին պատկանող՝  Արմավիրի մարզի Գայ գյուղում գտնվող տանը։ Միայնակ բնակվող Ռազմիկ Հայրապետյանի այրված, ածխացած դին հայտնաբերվել է տան հյուրասենյակում։

2018թ. փետրվարի 23-ին նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն օրը Վաղարշապատի դիահերձարանում քննիչի ներկայությամբ կատարված դիահերձման ժամանակ Ռազմիկ Հայրապետյանի ներքին օրգանների միջից դուրս են բերվել բազմաթիվ մետաղական կոտորակներ։

Սպանության և դիտավորությամբ ուրիշի գույքը հրկիզելու եղանակով ոչնչացնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կազմվել է  քննչական խումբ։

Դեպքի վայրից առգրավվել է ողորկափող հրացան։ Նշանակվել է դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է:

-Ինչպիսի՞ վիճակում է անչափահասների մասնակցությամբ հանցավորության մակարդակը:

-2017թ. ընթացքում Արմավիրի մարզում արձանագրվել են 30  անչափահասների կողմից կատարված 39 հանցագործության դեպքեր, նախորդ տարվա 24  անչափահասների կողմից կատարված 24 հանցագործության դեպքերի դիմաց:

Արձանագրված 39 հանցագործության դեպքերից 18-ը գողության դեպքեր են, 12-ը՝ մարմնական վնասվածք պատճառելու, 1-ը՝ թրաֆիքինգի, 1-ը՝ անառակաբարո գործողության, 2-ը՝ սուտ մատնության, 1-ը՝ ավտոտրանսպորտային միջոց փախցնելու, 1-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, 1-ը՝ կողոպուտի, 1-ը՝ խարդախության  և  1-ը՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու:

Արձանագրված 39 հանցագործության դեպքերից 5-ը կատարվել են  խմբերի կողմից, որոնցից 1-ում եղել է չափահաս:

Հանցագործություն կատարած 30 անչափահասներից 1-ը նախկինում ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքում  հաշվառման մեջ է գտնվել: Բոլոր անչափահասները Արմավիրի մարզի բնակիչներ են, որոնցից 18-ը սոցիալապես անապահով ընտանիքներից են, ընդ որում՝  1-ը միակողմանի ծնողազուրկ:

Արմավիրի պրոբացիոն պետական ծառայությունում հաշվառման մեջ են  գտնվում 3  անչափահասներ, ովքեր իրավախախտումներ թույլ չեն տվել:  2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ  ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա բաժինների անչափահասների գործերով բաժանմունքներում /խմբերում/ պրոֆիլակտիկ քարտային  հաշվառման մեջ են գտնվում  26 անչափահասներ,  պրոֆ. գործերով`  3-ը,  իսկ  2 ծնող հաշվառման մեջ են գտնվում անչափահասի վրա բացասական ներգործություն ունենալու համար:

2017թ. պաշտոնապես նախազգուշացվել են 38 անչափահասներ, հայտնաբերվել է թափառաշրջիկ և մուրացիկ 2 անչափահաս:

Ամենացավալին այն է, որ 2016թ. համեմատությամբ անչափահասների մասնակցությամբ և նրանց կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է (2016թ-24 դեպք, 2017թ.` 39): Ակնհայտ է, որ առկա է անչափահասների հետ տարվող աշխատանքներն ակտիվացնելու և  ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն:

Պետք է նշեմ, որ անչափահասների մասնակցությամբ և նրանց կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության ընթացքում հնարավորինս ուսումնասիրվել են հանցագործություն կատարած անչափահասների անձը, կյանքի ու դաստիարակության պայմանները, առողջության վիճակը, մտավոր զարգացվածության մակարդակը, վարքագծի օրինաչափությունները, նրանց վրա այլ անձանց ազդեցությունը և այլն:

Անչափահաս իրավախախտների անձի առանձնահատկություններով պետք է բացատրել այն, որ հանցագործություն կատարած անձինք հիմնականում արական սեռի են, ունեն հիմնականում թերի միջնակարգ կրթություն, չունեն որոշակի զբաղմունք կամ հետաքրքրություն:

Անչափահասների մասնակցությամբ կամ նրանց կողմից կատարված հանցագործությունների կանխարգելման խնդիրը, ինչպես նաև կատարված հանցագործությունների քննությունը մշտապես գտնվում է մարզի դատախազության ուշադրության կենտրոնում և քննարկման առարկա է դառնում օպերատիվ խորհրդակցությունում:

Նմանատիպ քրեական գործերի քննության ընթացքում հանցագործության ծնող պայմանների ու պատճառների ի հայտ բերելուց հետո, միջնորդագրեր են ներկայացվում անչափահասների դաստիարակությամբ և նրանց վարքի նկատմամբ հսկողություն իրականացնող պատկան մարմիններին՝ իրենց գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, հանցագործություն ծնող պայմաններն ու պատճառները վերացնելու վերաբերյալ:

Անչափահասների հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատախազության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների անչափահասների գործերով հանձնաժողովների, ոստիկանության, ինչպես նաև անչափահասների դաստիարակության և զբաղվածության հարցերով զբաղվող մյուս կազմակերպությունների և ՀԿ-ների հետ համագործակցված կազմվում են միջոցառումների ծրագրեր: Մասնավորապես՝ մարզի ուսումնադաստիարակչական հաստատություններում անցկացվում են դասախոսություններ՝ զրույց-զեկույցներ, կազմակերպվում խորհրդակցություններ շահագրգիռ անձանց և կազմակերպությունների հետ:

-Մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները որքա՞ն են կազմել, որ ոլորտներում են առավելապես գրանցվել նման դեպքերը: Կարո՞ղ եք դրանցից մի քանիսն առանձնացնել:

-2016թ. ընթացքում Արմավիրի մարզի դատախազության դատախազների կողմից դատավարական ղեկավարում կամ դատախազական հսկողություն է իրականացվել մարզի քննչական վարչության վարույթում քննված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հարուցված 27 քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ:

2017թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի դեպքերով հարուցված 21 քրեական գործ: Նշված գործերից 14-ի նախաքննությունն ավարտվել է, որից 10-ի վարույթը կարճվել է: 4 գործ 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2016թ., ի դեպ, դատարան գործեր չեն ուղարկվել:

Ըստ բացահայտման աղբյուրի՝ 2017թ. ընթացքում քննված  քրեական գործերով արձանագրված դեպքերից 8-ը բացահայտվել է օպերատիվ ծառայությունների կողմից 7-ը՝ քաղաքացիների դիմում-հաղորդումներով, 2-ը՝ մարզպետի հաղորդումներով և 3-ը՝ քրեական գործի քննության շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում: 1 դեպք բացահայտվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:

Ըստ ոլորտների 2017թ. ընթացքում քննված քրեական գործերով արձանագրված դեպքերից 4-ը վերաբերել են կրթության, 3-ը՝ առողջապահության և սոցիալական ապահովության, 5-ը՝ համայնքի ղեկավարների գործունեությանը, 2-ը՝ առևտրային կազմակերպությունների գործունեության, 1-ը՝ նոտարական գործունեության, 2-ը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՊՈԱԿ-ների գործունեության ոլորտներին:

Օրինակ՝ դատարան ուղարկված գործերից մեկը վերաբերում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Վաղարշապատի սոցիալական ծառայությունների գործակալության պետի կողմից «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար Արմավիրի մարզի Այգեկ գյուղի մի բնակչուհուց շորթմամբ գումար որպես կաշառք պահանջելու և ստանալուն: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական գործ էր հարուցվել, որը 2017թ. սեպտեմբերի 19-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ներկա դրությամբ այդ գործով դատաքննությունը շարունակվում է:  

-2017 թվականին քանի՞ արդարացման դատավճիռներ են գրանցվել: Որո՞նք են այդ դեպքերը: Արդյոք բողոքարկվե՞լ են վերադաս ատյաններ:

2017 թվականի ընթացքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 5 քրեական գործով 5 անձի նկատմամբ, իսկ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 1 գործով 1 անձի նկատմամբ  կայացվել  են արդարացման դատավճիռներ:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները բոլորը բողոքարկվել են վերաքննիչ քրեական դատարան, որոնցից 1-ով բողոքը բավարարվել է, ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել և նրա  նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ:        

-Որո՞նք են այն ուղղությունները, որոնցով Արմավիրի դատախազությունը եղել է առավել նախաձեռնողական և հետևողական:

-Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ սահմանվել էին մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ հիմնավոր միջնորդությունների պատրաստման և դատարան ներկայացնելու, մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալի սկզբնական և շարունակական կալանավորման իրավաչափությանը ներկայացվող պահանջները:

Նշված հարցը գտնվել է մարզի դատախազության ուշադրության կենտրոնում, կոլեգիայի որոշման պահանջները ապահովելու նպատակով ձեռնարկվել են գործուն միջոցներ: 2017թ. 2-րդ կիսամյակում դատարանների կողմից մերժվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված 34 միջնորդություններից միայն 1-ը, մինչդեռ 1-ին կիսամյակում ներկայացված  40 միջնորդություններից մերժվել էին 5-ը: Ներկայացված տվյալները խոսում են այդ բնագավառում տարվող աշխատանքների արդյունավետության մասին:

Բացի դրանից, կցանկանայի նշել նաև քննությունից խուսափող անձանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացումը: Անցած տարի մարզի դատախազության կողմից ուսումնասիրվել են հետախուզվողների  հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության և նախաքննական մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների վիճակը: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել էին բացթողումներ և խախտումներ: Դրանք բացառելու, ինչպես նաև նշված բնագավառում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով միջնորդագրեր են ներկայացվել ՀՀ ոստիկանությանը և Քննչական կոմիտեին, հայտնաբերված բոլոր թերությունները վերացվել են: Նաև դրանով եմ պայմանավորում այն իրողությունը, որ 2017թ. հետախուզվողների հայտնաբերման ցուցանիշը կազմել է  34.3%, այն դեպքում, երբ 2016թ. կազմում էր 31,1% տոկոս:

Նշեմ նաև, որ 2017թ. ընթացքում քննվող քրեական գործերով  դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող  դատախազների կողմից քննիչներին  տրվել է 70 գրավոր ցուցում, 2016թ.` դրանք 24-ն են եղել: Այս տվյալը խոսում է նրա մասին, որ քրեական գործերով հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանն ուղղված աշխատանքների ակտիվացման ուղղությամբ ևս մարզի դատախազությունը հետևողականություն է դրսևորել:

-Որո՞նք են լինելու Արմավիրի մարզի դատախազության 2018 թվականին առաջնային քայլերը, ինչ ուղղությամբ են կենտրոնացվելու աշխատանքները:

-Միանշանակ կարող եմ ասել, որ մարզի դատախազության առաջնային խնդիրներից մեկը լինելու է կոռուպցիայի դեմ պայքարը: Դատախազությունը շարունակելու է անզիջում պայքար մղել այդ չարիքի դեմ: Ակտիվացվելու են ձեռնարկվող միջոցառումները մարզի տարածքում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ: 

Մարզի դատախազությունը շարունակելու է հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ ուսումնասիրությունները, այդ բնագավառում թերություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկվելու են դատախազական  ներգործության միջոցներ: Հատուկ ուշադրություն է դարձվելու անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների քննությանը, շահագրգիռ պետական և հասարակական մարմինների հետ համատեղ քննարկումների արդյունքում մշակվել են միջոցառումների ծրագրեր՝ հատկապես անչափահասների շրջանում նշված հանցագործությունների կանխման, դրանց քննության արդյունավետության բարձրացման նպատակով: Պետք է հետամուտ լինենք դրանց իրականացման հարցում:

Հարցազրույցը՝ Կարեն Խաչատրյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am